Մատչելիության հղումներ

Զենքը պետք է ձեռք բերվի նաև որպես զսպման գործոն․ Մեդվեդև


Սերժ Սարգսյանը և Դմիտրի Մեդվեդևը Երևանում հանդիպման ժամանակ, 7-ը ապրիլի, 2016թ․

Սերժ Սարգսյանը և Դմիտրի Մեդվեդևը Երևանում հանդիպման ժամանակ, 7-ը ապրիլի, 2016թ․

Ռուսաստանը և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար գործընկեր-երկիր է հանդիսանում: Այսպես է արձագանքել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հարցին, թե արդյոք Ռուսաստանը շարունակելու է սպառազինություն տրամադրել երկու կողմերին:

«Մի պահ պատկերացնենք, որ Ռուսաստանը հրաժարվի այդ դերից: Մենք շատ լավ հասկանում ենք, որ այդ տեղը դատարկ չի մնա: Կսկսեն զենք գնել այլ երկրներից: Դրա մահաբերության աստիճանը դրանից չի պակասի: Բայց միևնույն ժամանակ դա կարող է խախտել այն հավասարակշռությունը, որը գոյություն ունի: Մենք հասկանում ենք, թե ինչպիսին են մեր գործընկերների պահանջները: Եվ բոլորը հասկանում են՝ ինչպիսին է ուժերի դասավորվածությունը տարածաշրջանում: Ըստ այդմ, ես համոզված չեմ, որ այլ երկրներից զենքի մատակարարների մուտքը այդ շուկա կթեթևացնի իրավիճակը: Կարծում եմ, ավելի շուտ իրավիճակը է՛լ ավելի կբարդանա», - «Ռոսիա-1» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Մեդվեդևը:

«Ես կարծում եմ, որ զենքը կարող է և պետք է ձեռք բերվի ոչ միայն այն երբևէ օգտագործելու նպատակով, այլ նաև, որպեսզի այն զսպման գործոն հանդիսանա: Եվ հակամարտության բոլոր կողմերը պետք է դիտարկեն սա»:

Ռուսաստանի վարչապետը նաև ընդգծել է, որ կարևոր է ապագա սերունդներին փոխանցել ոչ թե սառեցված կոնֆլիկտ, այլ՝ լուծված, միևնույն ժամանակ նշելով․ - «Կոնֆլիկտը սառեցված վիճակում պահպանելու, այսինքն՝ այն արագ լուծելուց հրաժարվելու և մարդկային կյանքի արժեքի միջև ես ընտրում եմ երկրորդը: Այսինքն՝ ավելի լավ է պահպանվի այն իրավիճակը, որը կա, քան արյուն հեղվի»:

Բաքվում անցկացված հարցազրույցում Մեդվեդևը չի բացառել նաև Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման վրա «թուրքական գործոնի ազդեցության առկայությունը»:

Նրա խոսքով, կան մի շարք ուժեր, որոնք հետևում են ղարաբաղյան հակամարտության հետևանքներին:

«Ես չեմ բացառում, որ գոյություն ունեն գործոններ, որոնք դրսից ազդեցություն են թողնում այդ հակամարտության վրա: Դուք ասացիք թուրքական գործոնը, գուցե այն գոյություն ունի, առնվազն այն պատճառով, որ Թուրքիան արտահայտել է իր դիրքորոշումը», - ասել է Ռուսաստանի վարչապետը:

Մեդվեդևի կարծիքով, Անկարայից հնչած հայտարարությունները չեն կարող չանհանգստացնել․ - «Փոխանակ հանգստանալու կոչեր հնչեցնեն, ասեն՝ եկեք կրկին վերադառնանք բանակցային սեղանի շուրջ, եկեք կրկին սկսենք քննարկել, եկեք դադարեցնենք կրակոցները, տրվել են որոշակի գնահատականներ: Ինչի՞ համար: Որ կրակի վրա յո՞ւղ լցնեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG