Մատչելիության հղումներ

Ըստ ՀՀԿ խոսնակի, նախագահին ճիշտ չեն հասկացել, Հայաստանը ժամանակակից զենք էլ ունի


Էդուարդ Շարմազանով, արխիվ
Էդուարդ Շարմազանով, արխիվ

Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ գործադիր մարմնի՝ նախօրեին կայացած նիստից հետո որոշ պարզաբանումներ է ներկայացրել լրագրողներին:

Հայաստանն անելու է ամեն ինչ, որպեսզի բանակցությունների միջոցով հասնի Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչմանը: Երեկ իշխող Հանրապետականի գործադիր մարմնի նիստից հետո նման հայտարարություն արեց կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցած՝ Հանրապետականի ԳՄ նիստից հետո ՀՀԿ խոսնակը լրագրողների հետ զրույցում նշեց՝ անցած օրերին միջազգային տարբեր ատյաններում նախագահը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը, պնդելով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով պետք է լուծվի։

«Հայաստանը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է և անելու է ամեն ինչ, որպեսզի ապահովենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը, խնդիրը բացառապես խաղաղ կարգավորում պետք է ունենա, Մինսկի խմբի շրջանակներում՝ երեք հայտնի սկզբունքների հիման վրա, և մեր կարծիքը հստակ է՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ինքը պետք է լինի իր ճակատագրի դարբինը, Լեռնային Ղարաբաղը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան փաստացի ունի այսօր»,- հայտարարեց Շարմազանովը։

Նա նաև նշեց, որ միջնորդների հետ այսօրվա հանդիպմանը Հայաստանի ղեկավարությունը կրկին կպնդի ղարաբաղյան հակամարտության լուծման վերաբերյալ իր դիրքորոշումը։

«Ինչպես իրավացիորեն նշեցին Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի նախագահները, Ղարաբաղի ժողովրդի պայքարը ուրիշի տարածքը գրավելու մեջ չի։ Ղարաբաղի ժողովրդի պայքարը իր սեփական ճակատագիրը սեփական ձեռքերով որոշելու մեջ է, ապրել անկախ, ազատ ու ժողովրդավարական երկրում, Ղարաբաղի ժողովրդի պայքարը իր սեփական հայրենիքի համար է, մենք ուրիշի հողի, պետության վրա աչք չունենք։ Մենք համարում ենք, որ անթույլատրելի են խնդրի լուծման ռազմական փորձերը, դրան դրդումները»,- շարունակեց ՀՀԿ խոսնակը։

Անդրադառնալով օրեր առաջ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ Հայաստանի նախագահի հանդիպմանը, որի ընթացքում Սարգսյանը շեշտել էր, թե շփման գծում ռազմական գործողությունների ակտիվացման ժամանակ հայկական կողմը 80-ականների զենքով է կռվել, Շարմազանովը շեշտեց՝ նախագահի խոսքը Հայաստանում ճիշտ չեն հասկացել, նա ամենևին նկատի չունի, որ մենք ժամանակակից զենք չունենք:

Քննադատություններին, թե Հայաստանն անցած տարիներին անարդյունավետ ծախսեր է արել՝ ուշադրություն չդարձնելով բանակին, Շարմազանովը հակադարձեց՝ Հայաստանն անհարկի ծախսեր չի արել, իր ուշադրության կենտրոնում ունեցել է բանակի, անվտանգության համակարգի հզորացումը, ու դրա շնորհիվ է, որ քառօրյա ռազմական գործողությունների արդյունքում Ադրբեջանը չհասավ իր նպատակին։

«Ունենք զենք, բայց կիրառվել է 80-ականների․․․ դրանով բանակը կարողացել է դիմակայել Ադրբեջանի նորագույն զինատեսակներին։ Ադրբեջանի բանակը մի քանի անգամ ավելի շատ՝ միլիարդավոր դոլարներ է ծախսել, և Հայաստանի իշխանությունները մեկ անգամ չէ, որ քննադատել են Ադրբեջանի սպառազինությունների մրցավազքը։ Բայց փաստն այն է, նախագահը շատ հստակ նշեց, որ հաղթում են ոչ միայն զինատեսակով, այլ, նախևառաջ՝ ոգով։ Հայաստանը անհարկի ծախսեր չի արել՝ ամեն ինչ արել է բանակի համար։ Ադրբեջանի բլից կրիգը տապալվել է, և մենք կարողացանք կանգնեցնել հակառակորդի առաջխաղացումը»,- ասաց ՀՀԿ խոսնակը։

Անդրադառնալով շփման գծում խաղաղապահներ տեղակայելու հարցին, իշխող Հանրապետականի ներկայացուցիչը վերահաստատեց նախագահ Սարգսյանի՝ ավելի վաղ արած այն հայտարարությունը, թե՝ նախ պետք է լինի հակամարտության համապարփակ լուծում. - «Եվ այդ համապարփակ լուծման մեջ դա ընդամենը մեկ գործոնն է, մենք պետք է վերացնենք պատճառները, ոչ թե հետևանքները: Խնդիրներն առաջանում են նրանից, որ որոշ մարդիկ, որոշ պետություններ, առաջին հերթին՝ Ադրբեջանը, խոսում են հետևանքների վերացման մասին: Մենք պետք է գնանք պատճառները վերացնելու ճանապարհով: Արցախի ժողովուրդը՝ օգտվելով իր ինքնորոշման իրավունքից, ցանկանում է բոլոր միջազգային նորմերին համապատասխան, իրականացնել ռեֆերենդում, որի արդյունքում էլ կորոշվի՝ ապրել ազատ անկախ երկրում»:

Շարմազանովը հավելեց՝ Ադրբեջանը պետք է պատժվի ռազմական հանցագործությունների համար: «Եթե բանակցությունները շարունակվում են, ուրեմն մենք հաջողել ենք, այսօրվա իրավիճակում գերխնդիրը զինադադարի ռեժիմի պահպանումն է և այն, որ Մինսկի խումբը կարողանա այդ մասին բացատրել ու ճնշել Ադրբեջանին»,- ասաց ՀՀԿ խոսնակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG