Մատչելիության հղումներ

Մոսկվայում կայացել է Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների դռնփակ հանդիպումը


Զրուցակիցները, ըսստ Հայաստանի արտգործնախարարության տարարած հաղորդագրության, շարունակել են ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի լարման վերաբերյալ վերջին օրերին ունեցած քննարկումները:

Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով լուրջ հարված է հասցվել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։ Նախարարը շեշտել է, որ հրատապ գործնական քայլեր են հարկավոր իրադրության կայունացման համար:

Սերգեյ Լավրովը անընդունելի է համարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ուժի կիրառումը, կարևորել է ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածության պահպանումը և նման իրավիճակների կրկնության բացառումը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում բանակցային գործընթացի շարունակման համար համապատասխան պայմանների ստեղծումը։

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները կարևորեցին հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից արված առաջարկությունների իրագործումը։

Սերգեյ Լավրովը Էդվարդ Նալբանդյանին տեղեկացրեց Բաքվում կայացած ռուս-ադրբեջանական հանդիպումների մասին։

Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրներ։

Այսօր ավելի վաղ տեղի է ունեցած ԱՊՀ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների նիստը նախատեսվածից ավելի երկար է տևել:

Այսօրվա հավաքի հիմնական թեման Լեռնային Ղարաբաղն էր: Լրագրողների ուշադրության կենտրոնում, իհարկե, Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներն էին, որոնք, սակայն, հրաժարվել են խոսել:

Նալբանդյանն ու Մամեդյարովը ելույթներով հանդես են եկել նեղ շրջանակով հավաքի ժամանակ՝ ներկայացնելով իրավիճակը:

Էդվարդ Նալբանդյանը, ըստ Հայաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության, մասնավորապես, ասել է․ - «Իր գոյության տարիների ընթացքում ԱՊՀ-ն դերակատարություն է ստանձնել քաղաքական, տնտեսական, հումանիտար և այլ գործընթացներում, սակայն ոչ միշտ է արդարացրել սպասելիքները: Չի հաջողվում կանխել մի շարք բացասական երևույթներ, որոնք առկա են բազմաթիվ հիմնարար հարցերում, այդ թվում` անվտանգության ոլորտում: Դրա վառ դրսևորումներից մեկը ղարաբաղյան հիմնահարցն է»:

ԱՊՀ արտգործնախարարների նիստի մասնակիցներն չեզոք հայտարարություն են տարածել Ղարաբաղի մասին: Կառույցի գործող քարտուղար Լեբեդևը նիստի ավարտին հրավիրված մամլո ասուլիսում հայտարարել է․ - «Լավրովը նոր է վերադարձել Բաքվից և զեկուցել է, թե ինչ հանդիպումներ է ունեցել Բաքվում: Նիստին հանդես են եկել նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները: Ուզում եմ հավելել, որ մենք բոլորս խորապես մտահոգված ենք բախումների կապակցությամբ: Արտգործնախարարները հույս են հայտնել, որ կողմերին կհաջողվի վերսկսել բանակցությունները և գտնել խնդրի հանգուցալուծումը»:

XS
SM
MD
LG