Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանն ընդունել է Մինսկի խմբի համանախագահներին


ՄԽ համանախագահները Ստեփանակերտում, 7-ը ապրիլի, 2016թ․

ՄԽ համանախագահները Ստեփանակերտում, 7-ը ապրիլի, 2016թ․

Այսօր Պաշտպանության նախարարության վարչական համալիրում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիքին և Պիեռ Անդիոյին: Հանդիպմանը ներկա էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

ՊՆ հաղորդմամբ, «հանդիպումը նվիրված էր վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ հարձակողական գործողությունների և հնարավոր զարգացումների քննարկմանը»:

«Զրուցակիցների խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարն անդրադարձավ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած մարտական գործողություններին և ձևավորված իրավիճակին: Սեյրան Օհանյանը համանախագահների ուշադրությունը հրավիրեց վերջին օրերին ադրբեջանական կողմի բացահայտ ագրեսիայի հիմնական առանձնահատկությունների վրա, որոնց թվում էին հայկական կողմի զինծառայողների և քաղաքացիական անձանց դեմ ադրբեջանական զինուժի գործած ռազմական հանցագործությունները և զինված հակամարտության իրավունքի այլ դրույթների կոպիտ ոտնահարումները:

Հայաստանի Հանրապետության պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշեց, որ ԼՂՀ Պաշտպանության բանակի հերոսական և հմուտ գործողություններն ապահովեցին Ադրբեջանի ռազմական ագրեսիայի լիարժեք դիմադարձումը և հակառակորդի հետագա գործողությունների կանխումը: Ընդգծվեց, որ Հայաստանի Հանրապետությունը, չնայած ճշգրիտ թիրախավորման և նոր բարենպաստ բնագծերի զբաղեցման միջոցով հակառակորդի սանձահարմանը ներգավվելու պատրաստականությանը, դեռևս շարունակում է ապավինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային կարգավորմանը: Որպես հակամարտության շուրջ ձևավորված զինված դիմակայության թուլացման նախապայման` պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորեց ցանկացած հրադադար իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագրով ամրապնդելու հրամայականը»,- նաև նշված է ՊՆ հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG