Մատչելիության հղումներ

«Անհապաղ դադարեցնել Միացյալ Նահանգների ռազմական աջակցությունն Ադրբեջանին»


Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր-տնօրեն Արամ Համբարյանը, արխիվ։

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր-տնօրեն Արամ Համբարյանը, արխիվ։

Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի հայկական հարցերով հանձնախումբը նախագահ Բարաք Օբամային հասցեագրած հատուկ նամակում հորդորում է խոստորեն դատապարտել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի սանձազերծած աննախադեպ ռազմական արշավը։

Նամակը ստորագրել են երկկուսակցական հանձնախմբի համանախագահներ հանրապետական Ռոբերթ Դոլդը և դեմոկրատ Ֆրենք Փալոնը։

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի փոխանցմամբ, կոնգրեսականները Օբամային հորդորում են դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին։ Ավելին, կոնգրեսականները կոչ են անում Օբամայի վարչակարգին Լեռնային Ղարաբաղին տրամադրել արտակարգ հանգամանքների համար նախատեսված օժանդակություն։

Նամակում նաև ընդգծված է Լեռնային Ղարաբաղում ռազմական բախումների բոլոր հանգամանքները անաչառ և անկողմնակալ կերպով հետաքննելու անհրաժեշտությունը։

Կոնգրեսականների համոզմամբ, Օբաման պետք է հանձնարարի Պետական դեպարտամենտին փաստահավաք խումբ գործուղել Լեռնային Ղարաբաղ։ Այդ խումբը կարող է գնահատել ադրբեջանական ագրեսիայի հետևանքները և կարծիք կազմել վերակառուցման աշխատանքների ընդհանուր ծավալի մասին։

Կոնգրեսականները հիշեցնում են, որ 1994 թվականի հրադադարից ի վեր ամենածանր հարձակումը նախաձեռնելու նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենի և պետքարտուղար Ջոն Քերրիի հետ: Ընդ որում, երկուսն էլ ադրբեջանցի ղեկավարի հետ զրույցներում կարևորել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ եղանակով կարգավորելու անհրաժեշտությունը։

Օբամային հասցեագրած նամակում կոնգրեսականները հիշեցնում են, որ Պետդեպարտամենտը և Սպիտակ տունը հավանություն են տվել Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Էդ Ռոյսի և ազդեցիկ կոնգրեսական Էլիոթ Ինգըլի` ադրբեջանցիների ագրեսիայի կասեցմանն ուղղված խաղաղ նախաձեռնությանը, որին միացել են ավելի քան 8 տասնյակ օրենսդիրներ։

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ողջունել է Բարաք Օբամային կոնգրեսականների նամակն ուղարկելու փաստը։ Համբարյանի համոզմամբ, չի կարելի ամերիկացի հարկատուների հաշվին աջակցել Ալիևի վարչակարգին, որը նախաձեռնում է անմեղ հայերի սպանություններ, ապակայունացնում է Ամերիկայի համար այդքան կարևոր տարածաշրջանը, ձեռնարկում է Ամերիկայի շահերին հակասող քայլեր, սերմանում է ատելություն հայերի հանդեպ, կատարում է պատերազմի հանցագործություններ և կարող է հրահրել տարածաշրջանային է՛լ ավելի ընդարձակ պատերազմ։

«Ամեն ինչ շատ հստակ է․ Իլհամ Ալիևը չունի ամերիկյան ռազմական աջակցության անհրաժեշտությունը: Նա արժանի չէ դրան և նա չպետք է Ամերիկայից ռազմական օգնություն ստանա», - ասել է Արամ Համբարյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG