Մատչելիության հղումներ

Փորձագետ. Աշխարհի համար ղարաբաղյան բախումները անսպասելի էին


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողը Մարտունու մոտ, 8-ը ապրիլի, 2016թ․

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողը Մարտունու մոտ, 8-ը ապրիլի, 2016թ․

«Կողմերին անհրաժեշտ է կտրուկ քայլերի դիմել՝ պատերազմից խուսափելու համար»:

Միջազգային հանրության համար ղարաբաղյան շփման գծում բախումները անսպասելի էին, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է Գերմանական Մարշալի հիմնադրամի վերլուծաբան Ջոշուա Ուոքերը:

«Աշխարհն այնքան էր կենտրոնացել Սիրիայի և Մերձավոր Արևելքի վրա, որ երբ Լեռնային Ղարաբաղի նախկինում սառեցված հակամարտությունը սրվեց, միջազգային ասպարեզում ոչ ոք չգիտեր՝ դրան ինչպես արձագանքել», - նշել է նա:

Վերլուծաբանի կարծիքով, ղարաբաղյան խնդիրն այնքան բարդ է, որ միջազգային հանրությունը չի ցանկանում ներգրավվել դրա կարգավորման մեջ. - «Այսպես, եթե Սիրիայի դեպքում բոլորը ցանկանում էին ներգրավվել և օգնել փախստականներին, ղարաբաղյան խնդիրը համարվում է սառը պատերազմից մնացած խնդիր, որը պետք է կարգավորի Ռուսաստանը, սակայն Ռուսաստանն էլ ցանկություն չունի այն կարգավորելու»:

Ուոքերի խոսքով, թեև ղարաբաղյան խնդիրը ռազմական լուծում չունի, հակամարտության անմիջական տարածքում գտնվող մարդկանց մոտ կարող է պատրանք ստեղծվել, որ այն հնարավոր է լուծել ռազմական ճանապարհով. - «Այնտեղ գտնվող մարդիկ կարող են հավատալ, որ կարող են ռազմական հաղթանակ տանել, կարող են փորձել կրկին պատերազմ սկսել: Ու եթե Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ամեն ջանք չկիրառեն պատերազմից խուսափելու համար, ապա նոր պատերազմ կարող է սկսվել»:

Վաշինգտոնում Լեռնային Ղարաբաղը ներկայացնող Ռոբերտ Ավետիսյանի խոսքով, Ղարաբաղի ժողովուրդը պատերազմ չի ուզում, սակայն չկա որևէ նախապայման, որ ադրբեջանական կողմը նույնպես կիսում է այդ մոտեցումը:

«Մենք հույս ունենք, որ այս դեպքերից հետո, երբ Ադրբեջանի ղեկավարությունը հասկացավ, որ ի վիճակի չէ ռազմական ճանապարհով լուծել այս հարցը, նրանք ավելի համեստորեն կընդունեն բոլոր առաջարկները՝ թե՛ հայկական կողմի և թե՛ միջազգային հանրության», - ասել է Ավետիսյանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանն, իր հերթին, մի քանի օր է, ինչ հայտարարում է, որ պահպանում է հրադադարը:

Փորձագետների կարծիքով, այդուհանդերձ, կողմերին անհրաժեշտ է կտրուկ քայլերի դիմել՝ պատերազմից խուսափելու համար:

«Կարող է լինել կա՛մ ընթացք դեպի խաղաղություն, կա՛մ ընթացք դեպի պատերազմ: Այժմ նկատվող ընթացքը գնում է դեպի պատերազմ, և այս ճանապարհով ընթանալու դեպքում պատերազմն անխուսափելի է դառնում, քանի որ եթե այս բոլոր զոհերը մնան առանց արձագանքի, այն կկրկնվի», - ընդգծել է Ջոշուա Ուոքերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG