Մատչելիության հղումներ

logo-print

Նալբանդյան․ ԱՊՀ-ն ոչ միշտ է արդարացրել սպասելիքները


Լուսանկարը՝ Հայաստանի ԱԳՆ-ի

Լուսանկարը՝ Հայաստանի ԱԳՆ-ի

Իր գոյության տարիների ընթացքում ԱՊՀ-ն դերակատարություն է ստանձնել քաղաքական, տնտեսական, հումանիտար և այլ գործընթացներում, սակայն ոչ միշտ է արդարացրել սպասելիքները: Չի հաջողվում կանխել մի շարք բացասական երևույթներ, որոնք առկա են բազմաթիվ հիմնարար հարցերում, այդ թվում` անվտանգության ոլորտում: Դրա վառ դրսևորումներից մեկը ղարաբաղյան հիմնահարցն է: Նման հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ այսօր Մոսկվայում ելույթ ունենալով ԱՊՀ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստում:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողություններին, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շարունակել է. - «Վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները ոչ միայն հանգեցրին մարդկային կորուստների և ճգնաժամի խորացման, ոչ միայն հղի են երկարաժամկետ ապակայունացմամբ, այլև կարող են նոր մարտահրավեր դառնալ միջազգային, այդ թվում` մարդասիրական իրավունքին, ոչ միայն ՄԱԿ-ի կանոնադրությանը և միջազգային իրավունքի հիմնարար փաստաթղթերի դրույթներին, այլև` ԱՊՀ-ի կանոնադրությանը, որում նույնպես ամրագրված է վեճերի և հիմնախնդիրների խաղաղ կարգավորումը»:

«Այս իրադարձությունները տեղի ունեցան այն պատճառով, որ ոչ բոլորն են ԱՊՀ-ում գործնականում կիսում այս մոտեցումը: Արցախի դեմ Բաքվի կողմից վերջին օրերին սանձազերծված լայնածավալ հարձակողական գործողությունները խախտում են Ադրբեջանի իսկ կողմից ստորագրված հրադադարի 1994 թվականի և հրադադարի ամրապնդման 1995 թվականի եռակողմ անժամկետ համաձայնագրերը. իմիջիայլոց, առաջին համաձայնագիրը նախաձեռնվել էր հենց ԱՊՀ-ի միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակներում: Սանձազերծված հարձակման առաջին իսկ ժամերից միտումնավոր և բացահայտ թիրախավորվել էին քաղաքացիական օբյեկտներ, տուժեցին քաղաքացիական անձինք, այդ թվում` երեխաներ և ծերեր», - ընդգծել է Նալբանդյանը:

«Խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու վերաբերյալ միջազգային հանրության բազմաթիվ կոչերը Ադրբեջանի կողմից բացարձակապես ոտնահարվեցին: Ակնհայտ է, որ այս ամենը լուրջ վնաս է հասցնում բանակցային գործընթացին և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ջանքերին», - ասել է Հայաստանի արտգործնախարարը: - «Մենք բազմիցս հրավիրել ենք միջազգային հանրության ուշադրությունը և կոչ ենք արել կանխել Բաքվի ռազմատենչ նկրտումները` նկատի ունենալով իրավիճակի հենց նման զարգացումը, որի ականատեսը եղանք այս օրերին»:

Այսօր, Նալբանդյանի համոզմամբ, «առավել հրամայական են դարձել ապագայում տեղի ունեցածի կրկնության բացառումը, խնդրի ռազմական լուծման վտանգավոր փորձերից հրաժարումը, հնարավոր լուծումներ գտնելուն ուղղված ջանքերը»։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, խոսելով ԱՊՀ-ի հնարավոր բարեփոխումների և կազմակերպության արդյունավետության բարձրացման մասին՝ Հայաստանի արտգործնախարարն ասել է. - «Ցանկալի է, որ ԱՊՀ-ում բոլորը հավասարապես գիտակցեն իրենց պատասխանատվությունը այս տարածքի՝ որպես համագործակցության և գործընկերության միջավայր պահպանման և կազմակերպության ապագայի գործում։ Այդ խնդրին կծառայեր նաև ԱՊՀ-ի գործունեության կատարելագործումը: Կարևոր է կողմնորոշվել, թե ինչպիսին ենք մենք ցանկանում տեսնել ԱՊՀ-ն: Բազմակողմ կառույցը գրավիչ է այն ժամանակ, երբ այն գործունակ է` հասկանալի փոխադարձ պարտավորություններով, հստակ առաջնահերթություններով և ոչ ուռճացված կառույցներով, որոնք չեն կրկնում ճյուղային համագործակցային մարմինների գործառույթները»։

«Մենք կարծում ենք, որ այս կամ այն ոլորտում փոխգործակցության խորացմանն ուղղված որոշումների ընդունումը նպատակահարմար է դիտարկել՝ հաշվի առնելով մասնակից պետությունների իրական հետաքրքրվածության աստիճանը: Ցանկանում եմ ընդգծել` իրական փոխգործակցության, այլ ոչ թե ձևական պատրաստակամության։ Ստեղծվել է մի իրավիճակ, երբ մասնակից պետություններից մեկը ստորագրում է ընդունվող փաստաթղթերի միայն 10 տոկոսը, դրանցից 90 տոկոսը` վերապահումներով», - շեշտել է Էդվարդ Նալբանդյանը՝ հավելելով․ - «Երբ այս կամ այն հարցում համագործակցության նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերվում միայն որոշ մասնակից երկրների կողմից, որոնք միաժամանակ հանդիսանում են նաև ինտեգրացիոն և համագործակցության այլ միավորումների անդամներ, ԱՊՀ-ի ձևաչափում որևէ հարցի ներառումը պետք է առավել մանրամասն քննության առնվի»։

«Ցանկանում եմ կրկին ընդգծել, որ ԱՊՀ-ում Հայաստանը ունի դրական օրակարգ: Մենք անում ենք հնարավորը, որ կուտակված դրական փորձն օգտագործելով գործնական հունի մեջ դնենք և ապահովենք ԱՊՀ-ի ադապտացումը ժամանակակից իրողություններին», - հայտարարել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

ԱՊՀ-ի երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել ու հավանություն են տվել ԱՊՀ-ի շրջանակում համագործակցության տարբեր ոլորտներին վերաբերող շուրջ մեկ տասնյակից ավելի փաստաթղթերի նախագծերի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG