Մատչելիության հղումներ

Կոնգրեսականները Օբամային կոչ են անում դադարեցնել ռազմական օգնությունը Բաքվին


ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը և Քրիսթոֆեր Դոլդը, հանձնախմբի նամակը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը և Քրիսթոֆեր Դոլդը, հանձնախմբի նամակը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային

Նմանօրինակ մի նամակ էլ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը հղել է Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովին:

ԱՄՆ-ի Կոնգրեսում հայկական հարցերով հանձնախումբը նամակ է հղել նախագահ Բարաք Օբամային, որտեղ ասված է, որ 1994 թվականին զինադադարի կնքումից ի վեր Ադրբեջանի կողմից իրականացված ամենածանր հարձակման փաստի կապակցությամբ հանձնաժողովը կոչ է անում նախագահին ձեռնարկել համապատասխան քայլեր:

«Մենք խնդրում ենք Ձեզ դատապարտել Ադրբեջանի ագրեսիան, դադարեցնել Ադրբեջանին հատկացվող ռազմական օժանդակությունը, Լեռնային Ղարաբաղին հատկացնել արտակարգ իրավիճակների համար նախատեսված օգնություն և Պետդեպարտամենտի փաստահավաք առաքելություն ուղարկել` Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում ավերածությունները և վերակառուցողական անհրաժեշտ աշխատանքները գնահատելու նպատակով», - ասված է նամակում:

Միացյալ Նահանգների նախագահին հղված նամակում կոնգրեսականները նաև նշում են, թե իրենք մտահոգված են այն հանգամանքով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջին այս հարձակումն իրականացնելու որոշումը կայացրել էր ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի և պետքարտուղար Ջոն Քերրիի հետ Վաշինգտոնում կայացած հանդիպումից մի քանի ժամ անց, «այն դեպքում, երբ նրանք բացահայտ կերպով կոչ էին արել շարունակել խաղաղ գործընթացը, խաղաղ, ոչ բռնի եղանակներով լուծել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը և անվտանգության խնդիրները»:

Նամակում ասված է, որ Ադրբեջանի հարձակումները ներկայացնում են Ալիևի ագրեսիվ քաղաքականության, հակահայկական ատելություն սերմանելու կործանարար բնույթը:

«Այս քայլը նաև արտացոլում է միջազգային համայնքի կողմից անպատժելի մնալու նրա ցանկությունը, ինչը բացահայտվել էր կրակի ուղղությունը որսացող սարքեր տեղադրելու առաջարկի՝ Ադրբեջանի կողմից մերժում ստանալու փաստով», - գրում են ամերիկացի կոնգրեսականները:

Հանձնախմբի նամակը հիշեցնում է, որ Ռոյս-Ինգըլ անվանումը ստացած խաղաղության այս առաջարկն աջակցություն էր ստացել Օբամայի վարչակազմի կողմից:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային Ներկայացուցիչների պալատի հայկական հարցերով հանձնախմբի կողմից հղված նամակը եզրափակում է հետևյալ պարբերությունը. - «Մենք կոչ ենք անում Ձեզ հրաժարվել կեղծ հավասարություն դնելու ԱՄՆ-ի ներկա խեղաթյուրված քաղաքականությունից: Հետագա հարձակումները և տարածաշրջանային անկայունությունը կանխելու հարցում ԱՄՆ-ի ազգային շահերից ելնելով` հորդորում ենք դադարեցնել Ադրբեջանին հատկացվող ռազմական ամբողջ օժանդակությունը, և հավատարիմ մնալով ամերիկյան արժեքներին, կոչ անում Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը հատկացնել առաջին օգնություն և երկարաժամկետ օժանդակություն»:

ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը նմանօրինակ նամակ է հղել նաև Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների հանձնաժողովին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG