Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը երեկ երեկոյան ընդունել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Պիեռ Անդրիոյին և Ջեյմս Ուորլիքին, ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:

Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են վերջերս Ադրբեջանի կողմից Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական գործողություններին վերաբերող հարցեր:

Սահակյանը Ադրբեջանի ուխտադրուժ ագրեսիան համարել է Հարավային Կովկասում և հարակից տարածաշրջաններում կայունության և խաղաղության դեմ ուղղված ամենամեծ վտանգներից մեկը՝ այն որակելով նաև քաղաքակիրթ հանրության համար լուրջ մարտահրավեր:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը կասեցնում և կասեցնելու է «մեր հանրապետության անկախության, ինքնիշխանության և անվտանգության դեմ ուղղված ցանկացած ոտնձգություն»՝ հավելելով, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբից ակնկալում է կոշտ և հասցեական գնահատականներ ու քայլեր Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության կապակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG