Մատչելիության հղումներ

Դե Վաալ. Նախահարձակ կողմի՝ Ադրբեջանի նվաճումները լուրջ չեն


Carnegie Endowment կենտրոնի փորձագետ Թոմաս դե Վաալ, արխիվ
Carnegie Endowment կենտրոնի փորձագետ Թոմաս դե Վաալ, արխիվ

Ըստ փորձագետի՝ արտաքին ուժերը Ղարաբաղի շուրջ նոր պատերազմ չեն ուզում, Ադրբեջանն էլ չունի հարցը ռազմական տարբերակով լուծելու հնարավորություն։

Վերլուծաբանները փորձում են ամփոփել քառօրյա պատերազմի արդյունքները։ Քարնեգի հիմնադրամի փորձագետ, Լեռնային Ղարաբաղի մասին բազում աշխատությունների հեղինակ Թոմաս դե Վաալը «Ազատության» թղթակից Վադիմ Դուբնովի հետ զրույցում ասել է, որ «նախահարձակ կողմը` Ադրբեջանն, իհարկե, լուրջ նվաճումներ չի ապահովել, քանի որ գրավել է որոշ բարձունքներ և հողակտորներ, սակայն դա շատ քիչ է հայերի հսկողության ներքո գտնվող տարածքների համեմատությամբ»։

«Շարունակել գործողությունը՝ կնշանակեր կրել է՛լ ավելի մեծ կորուստներ նվազագույն ձեռքբերումների դիմաց», - ասել է բրիտանացի փորձագետը և ավելացրել. - «Ադրբեջանական հողերն արդեն երկու տասնամյակ ուրիշի հսկողության տակ են, դա մեծ տրավմա է, մյուս կողմից՝ այդ տարածքներն ուժով գրավելու փորձերը կնշանակեն մարդկային հսկայական կորուստներ, Ադրբեջանն այս խնդրի ադեկվատ պատասխան չի գտնում»։

Արձագանքելով «Ազատության» հարցին, թե «արդյո՞ք սա վճռական գրոհն էր, որի մասին խոսել են Ադրբեջանի նախագահը և Մոսկվայում Ադրբեջանի դեսպանը, թե՞ հանգամանքների զուգադիպում, որը հետո օգտագործվել է բախումներ սկսելու համար», Թոմաս դե Վաալն ասել է, որ ստույգ պատասխան չկա, քանի որ տեղում քիչ են դիտորդները։

Անցած երկու տարում շփման գծում եղել են շատ բախումներ։ Գարնանն էլ դրանք ավելի հաճախ են պատահում, որովհետև սարերում ավելի դյուրին է մարտեր վարել։

«Բայց ավելի բարդ գործողություններ իրականացնելու և դրանց ընթացքում ծանր զինատեսակներ կիրառելու համար անհրաժեշտ է Երևանում կամ Բաքվում նախագահի քաղաքական կամքը, նման որոշումներ պարզ հրամանատարները չեն ընդունում»,- ասել է Թոմաս դե Վաալը։

Խոսելով միջազգային իրավիճակի մասին, փորձագետն ասել է, որ Կովկասն, իհարկե, միջազգային ազդեցությունների տարածաշրջան է, և Ռուսաստանն այստեղ նշանակալից դեր է խաղում, բայց նրանք, ովքեր ակնարկում են «Մոսկվայի ձեռքի» մասին, հաշվի չեն առնում, որ ի տարբերություն Աբխազիայի, Հարավային Օսիայի և Մերձդնեստրի` Ռուսաստանն այստեղ խաղաղապահներ չունի։

«Ես չեմ տեսնում Ռուսաստանի ձեռքն այստեղ»,- ասել է Թոմաս դե Վաալը։

Նրա համոզմամբ, Ադրբեջանը հիմա չունի հարցը ռազմական տարբերակով լուծելու հնարավորություն։

«Կարելի է, իհարկե, ինչ-ինչ կորցրած տարածքներ գրավել, բայց ավելի լայնածավալ պատերազմի համար անհրաժեշտ է ոչ միայն ավելի մեծ ռազմական հզորություն, այլև դրան նպաստող արտաքին քաղաքական համատեքստ, որը հիմա չի նկատվում։ Ռուսաստանը, Թուրքիան, Արևմուտքը չեն ուզում նոր կոնֆլիկտ Ղարաբաղի շուրջ»,- ասել է Թոմաս դե Վաալը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG