Մատչելիության հղումներ

Պեսկով. «Իրավիճակը հեռու է կայուն լինելուց»


Դմիտրի Պեսկով, արխիվ
Դմիտրի Պեսկով, արխիվ

ՌԴ նախագահի խոսնակի հավաստմամբ, Ռուսաստանը ձգտում է կարգավորման պայմաններ ստեղծել, աշխատելով թե՛ երկկողմ, թե՛ միջազգային մեխանիզմների շրջանակում:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր, անդրադառնալով ղարաբաղյան զարգացումներին, ասել է՝ «իհարկե, իրավիճակն այնտեղ հեռու է կայուն լինելուց, ուստի՝ կանգ առնել ձեռք բերվածի վրա պարզապես անհնարին է, և ոչ մեկը չի պատրաստվում անել դա»:

«Ընդհանուր առմամբ, տեղի է ունեցել հետընթաց»,- գնահատել է ՌԴ ղեկավարի մամլո խոսնակն ու հավելել՝ «մինչ թեժ ընդհարումները, կային շատ լավ զարգացումներ, շատ դրական քայլեր էին կատարվել կարգավորման ուղղությամբ, բայց, ցավոք, հետընթաց տեղի ունենցավ, և հիմա շատ հարցերում հարկ կլինի կորցրածը հետ բերել»:

Նա նաև նշել է, որ այս անգամ ևս տարբեր մակարդակներով «շատ օպերատիվ» և «մեծ աշխատանք» է արվել՝ կրակը դադարեցնելու համար: Պեսկովի խոսքով, Ռուսաստանի ջանքերն արդեն իսկ ընդգծվել են գործընթացի մասնակիցների կողից: «Իհարկե, Մոսկվան կշարունակի միջնորդությունը»,- ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը:

Նա հիշեցրել է, որ Մինսկի Խմբի համանախագահներից մեկը հանդիսացող Ռուսաստանը «հակամարտության հենց սկզբից մեծ ջանքեր է գործադրել և գործադրում՝ խաղաղ կարգավորման պայմաններ ապահովելու համար»: Ըստ «ՏԱՍՍ»-ի, Պեսկովը նաև ասել է՝ Ռուսաստանը բարեկամական և գործընկերային հարաբերություններ է պահպանում ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ, նաև օգտագործում է այդ հարաբերությունները՝ կարգավորման պայմաններ ստեղծելու համար՝ աշխատելով թե՛ երկկողմ, թե՛ միջազգային մեխանիզմների շրջանակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG