Մատչելիության հղումներ

«Կազանի փաստաթուղթը բանակցությունների սեղանին է»․ ՀՀ ԱԳՆ խոսնակ


ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայան, արխիվ

ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայան, արխիվ

Բաքվում, մինչդեռ, ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը լրջորեն աշխատում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի անցյալ տարվա առաջարկների վրա:

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակն արձագանքել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի` Բաքվում արած հայտարարությանը, որը վերաբերում է «սեղանի վրա» առկա պայմանավորվածություններին:

«2011 թվականին կողմերին ներկայացված Կազանի փաստաթուղթը բանակցությունների սեղանին է։ Ադրբեջանը հրաժարվում է այն ընդունել, չնայած, որ նախօրոք համաձայնեցվել է Բաքվի հետ։ Մենք բազմիցս խոսել ենք այդ մասին։ Դեռևս Կազանում հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներկայացրել է տասը նոր առաջարկ և փաստացի խափանել է կարգավորման սկզբունքների համաձայնեցումը»,- ասել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

Մինչդեռ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում երեկ հայտարարել էր, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանը առաջարկներ ունի, և կողմերը մոտ են պայմանավորվածության:

«Մենք առաջարկներ ունենք, որոնք համանախագահների հետ համատեղ ձգտում ենք ավելի ակտիվորեն գործարկել՝ ի շահ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության ձեռքբերման: Հույս ունեմ, որ մեզ կհաջողվի միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում ուշադրություն հատկացնել այդ հարցերին»,- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը ասել է Ռուսաստանի արտգործնախարարը՝ չբացելով փակագծերը:

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն իր հերթին ասել էր, որ իրենք լրջորեն աշխատում են Լավրովի անցյալ տարվա առաջարկների վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG