Մատչելիության հղումներ

Այսօր Երևան է ժամանում Ռուսաստանի վարչապետը


Դմիտրի Մեդվեդևը և Հովիկ Աբրահամյանը Գրոդնոյի Եվրասիական տնտեսական միության համաժողովում: Սեպտեմբեր, 2015 թ․
Դմիտրի Մեդվեդևը և Հովիկ Աբրահամյանը Գրոդնոյի Եվրասիական տնտեսական միության համաժողովում: Սեպտեմբեր, 2015 թ․

Այցի ընթացքում նախատեսված են Դմիտրի Մեդվեդևի հանդիպումները նախագահ Սերժ Սարգսյանի ու վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:

Հայաստանի կառավարության մամուլի ծառայության համաձայն, երևանյան բանակցություններում նախատեսվում է քննարկել էներգետիկային, արդյունաբերությանը, տրանսպորտային ենթակառուցվածքներին առնչվող հարցեր, ստոգրագրել փաստաթղթղեր:

Ռուսաստանյան կողմի փոխանցմամբ, մինչդեռ, Մեդվեդևի երևանյան այցի գլխավոր թեման ղարաբաղյան հակամարտությունն է: Ռուսաստանի վարչապետի մամուլի խոսնակ Նատալյա Տիմակովան ТАСС լրատվական գործակալությանն ասել է, թե Ղարաբաղում սկսված ռազմական գործողություններից հետո որոշվել է, որ Երևանից Մեդվեդևը կմեկնի Բաքու:

Ռուսական մամուլը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, թե Մոսկվան ձգտում է հավասարության նշել դնել Հայաստանի (որը, ի տարբերություն Ադրբեջանի, ՀԱՊԿ և ԵՏՄ անդամ է) ու Ադրբեջանի միջև, քանի որ Ղարաբաղում պատերազմի բռնկման պայմաններում Մեդվեդևի այցը միայն Հայաստան կարող է ընկալվել որպես աջակցություն հակամարտության կողմերից մեկին:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայության համաձայն, վաղը Երևանում նախատեսված ԵՏՄ վարչապետների հանդիպումը տեափոխվել է Մոսկվա և կկայանա ապրիլի 13-ին: Հանձնաժողովի մամլո ծառայության պետի տեղակալ Մարինա Շկուռլատովան «Ազատությանը» փոխանցեց, որ հանդիպումը տեղափոխվել է Ղազախստանի նախաձեռնությամբ․ - «Ինձ համար բարդ է մեկնաբանել, թե ինչու նման որոշում կայացվեց, քանի որ սա ղազախական կողմի որոշումն էր»։

Ընդ որում, Հայաստանի վարչապետը առայժմ բաց է թողնում հարցը, թե արդյոք կմասնակցի այդ հավաքին՝ եթե այն կայանա Մոսկվայում: Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանն այսօր «Ազատությանը» հայտնեց․ որ ապրիլի 5-ի երեկոյան Ղազախստանի վարչապետը հեռախոսազրույցի ընթացքում Աբրահամյանին առաջարկել է Երևանում նախատեսված նիստը տեղափոխել Մոսկվա, ինչի առնչությամբ Հայաստանի վարչապետը նշել է, որ իր կարծիքով նիստի վայրը տեղափոխելու որևէ լուրջ պատճառ չկա:

Աբրահամյանը նշել է նաև, որ եթե մյուս վարչապետների կողմից որոշում լինի նիստը անցկացնել Մոսկվայում, ապա իր մասնակցության մասին լրացուցիչ կհայտնի:

Գոհար Պողոսյանը հավելեց, որ այս պահի դրությամբ վարչապետ Աբրահամյանը դեռևս այդ հարցով որոշում չի կայացրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG