Մատչելիության հղումներ

Այսօր էլ շփման գծում կրակոցներ եղել են


Լեռնային Ղարաբաղ - Կամավորականները Ստեփանակերտում, 7-ը ապրիլի, 2016թ․

Լեռնային Ղարաբաղ - Կամավորականները Ստեփանակերտում, 7-ը ապրիլի, 2016թ․

«Տեսնենք՝ եթե համանախագահները չեն կարողանում հարցը լուծել, ապա մենք մեր ձևով կլուծենք», - ասում են զինվորները:

Չնայած կրակի դադարեցման պայմանավորվածությանը՝ այսօր էլ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ կրակոցներ եղել են:

ՊԲ-ն դեռ չի մանրամասնում, թե որ ուղղություններում են դրանք հատկապես շատ եղել, բայց, հիշեցնենք, նախկինում հատկապես ինտենսիվ էին կրակում հյուսիսային և հարավային՝ Մարտակերտի և Հադրութի շրջանների ուղղություններով:

Այսօր «Ազատության» թղթակիցները եղան Ղարաբաղի կենտրոնական շրջանում՝ Մարտունի քաղաքին հարող դիրքերում, և այդ ժամանակ էլ մի քանի կրակոցների ձայներ եղան, թեև ՊԲ-ից ասացին, որ հնարավոր է՝ իրենց զորավարժարանից են դրանք գալիս:

«Ազատություն»-ը նաև զրուցեց մի քանի զինծառայողների հետ, և հետաքրքիր է, որ նրանք ասում էին՝ «մեզ ոչ թե ուտելիք, այլ զենք ուղարկեք, մենք չենք եկել հանգստանալու՝ եկել ենք պաշտպանելու դիրքերը»:

Այսօր սպասվում է, որ Ստեփանակերտ են գալու ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները, և զինծառայողներն ասում էին՝ «սպասում ենք, տեսնենք՝ եթե համանախագահները չեն կարողանում հարցը լուծել, ապա մենք մեր ձևով հարցը կլուծենք»:

Մարտունու պաշտպանական շրջանի դիրքերում էին նաև կամավորներ, այնտեղ նաև հանդիպեցին կամավորներ հենց Մարտունի քաղաքից, ովքեր պատմում էին, որ Ղարաբաղյան պատերազմին մասնակցել են 90-ականներին և այժմ եկել են իրենց գրաված դիրքերը պահելու և նաև զինվորների կողքին կանգնելու, նրանց օգնելու:

Զինծառայողները, սակայն, ասում էին, որ ամեն ինչ կարգին է, իրենք չեն վախենում, անգամ ասում էին՝ սպասում են, թե երբ են այն կողմից գալու, որպեսզի կռվեն:

Այսօր արդեն ժամը 17-ին նախատեսվում է, որ կխոսի Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, սպասվում է նաև Մինսկի խմբի համանախագահների հետ ճեպազրույց:

XS
SM
MD
LG