Մատչելիության հղումներ

logo-print

Հանրապետականները հայ զինվորների մահվան մեջ տեսնում են նաև Ռուսաստանի մեղքը


Վազգեն Կարախանյան, ՀՀԿ խմբակցության պատգամավոր

Վազգեն Կարախանյան, ՀՀԿ խմբակցության պատգամավոր

Իշխող կուսակցության ներկայացուցիչները քննադատում են ռուսական զենքի վաճառքը Ադրբեջանին:

Իշխող Հանրապետական խմբակցության պատգամավորներն այսօր խիստ քննադատության են ենթարկել Ռուսաստանին՝ ընդգծելով, որ նաև ռազմավարական դաշնակցի մեղքով է, որ այսօր հայ զինվորներ են զոհվում:

Շփման գծի ողջ երկայնքով քառօրյա ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանը Ռուսաստանից ձեռք բերված մի շարք հզոր զինատեսակներ կիրառեց, այդ թվում՝ «Սմերչ» և «ՏՈՍ» տեսակի հրթիռահրետանային համակարգեր: Հանրապետական պատգամավոր Վազգեն Կարախանյանն «Ազատության» հետ զրույցում ընդգծեց․ թաքցնել հնարավոր չէ՝ շփման գծում կիրառված այդ զինտեխնիկան ձեռք է բերվել Ռուսաստանից:

«Մենք չէինք ունենա այն վիճակը, որ հիմա ունենք: Մենք բազում զոհեր ենք տվել, ես ցավում եմ․․․ իհարկե՝ նաև Ռուսաստանի մեղքով, մենք չենք կարող ճշմարտությունը թաքցնել պարկի մեջ, որովհետև այդ զենքերը ձեռք են բերվել, թեկուզ փողով, Ռուսաստանից»,- ասաց Կարախանյանը:

Իշխող Հանրապետականը ներկայացնող մեկ այլ պատգամավոր՝ Սամվել Նիկոյանն էլ նշում է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից միայն Ռուսաստանն է Ադրբեջանին զենք վաճառում: Իշխող ուժի ներկայացուցիչը «ցինիկ» է որակում ռազմավարական դաշնակցի նման պահվածքը:

«Ադրբեջանին որևէ մեկը զենք չի մատակարարում՝ Ֆրանսիան, Ամերիկան, միայն Ռուսաստանն է, մեր դաշնակիցը, որը զենք է վաճառում, և այն հիմնավորումը, թե դա առևտրային գործարք է, անկեղծ ասած՝ մի քիչ ցինիկ է հնչում: Ի վերջո, իրենք էլ են հասկանում, որ իրենց արածն անթույլատրելի է, որ, վերջիվերջո, յուրաքանչյուր բիզնես պետք է քաղաքականապես և բարոյապես արդարացված լինի: Եվ իրենք էլ տեսնում են, որ իրենց մատակարարած զենքից զոհվում են հայ զինվորներ, հայ խաղաղ բնակիչներ: Ու դրանից հետո ասել՝ մենք բարեկամներ ենք, եղբայրներ ենք, դաշնակիցներ ենք և այլն, մի տեսակ անկեղծության պակաս կա էդ հարցում»,- ասում է Սամվել Նիկոյանը:

Հանրապետական պատգամավոր Համլետ Հարությունյանն էլ հայտարարում է՝ երբ ռուսներն Ադրբեջանին զենք էին մատակարարում, գիտեին, թե դա ինչին է ծառայելու: «Ադրբեջանը եթե չունենար էդ զինատեսակները, ապա այդ ավանտյուրային չէր դիմի: Եվ բոլորը գիտեին՝ էդ զինատեսակները եթե մատակարարում են, ինչի՞ համար են մատակարարում: Ադրբեջանին զենք վաճառելու դեպքում մարտական գործողությունները շարունակվելու են պարբերաբար»,- ասաց Հարությունյանը:

Երեկ Գերմանիայում ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ ասուլիսի ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ևս անդրադարձել էր այս խնդրին, իր խոսքի մեջ «ցավ հայտնելով» ռազմավարական դաշնակից Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու կապակցությամբ: Սերժ Սարգսյանը նաև հայտարարել էր՝ «այո, մենք կռվում ենք հիմնականում 80-ականների զենքով, բայց այս երեք օրվա կոնֆլիկտը ցույց տվեց, թե ով ինչպես է կռվում՝ ադրբեջանցիներն ինչքան կորուստներ ունեն և մենք ինչքան կորուստներ ունենք»:

Թե ինչպես է ստացվել, որ հայկական կողմը կռվում է 80-ականների զենքով, իշխող ուժի ներկայացուցիչները դժվարանում են միանշանակ բացատրություն տալ: Հանրապետական պատգամավոր Համլետ Հարությունյանը չի թաքցնում՝ զենքի վաճառքը կոռուպցիոն լուրջ ռիսկեր է պարունակում: «Էդ արդեն դուք դիմեք էն մարդկանց, ովքեր առնում են, որովհետև, գիտե՞ք ինչ, էդտեղ էլ կա կոռուպցիոն մեխանիզմ: Ընդհանրապես, զենքի վաճառքն իր մեջ ենթադրում է մեծ կոռուպցիոն ռիսկեր: Ոչ թե մեզ մոտ, այլ ամբողջ աշխարհում: Փողը տալիս են նոր զենքի գնով, բերում են հին զենքը, և էստեղ մեծ տարբերություններ կան, շատ խոշոր: Դրա համար աշխարհում զենքի վաճառքը ավելի եկամտաբեր է, քան նարկոտիկը»,- պարզաբանեց Համլետ Հարությունյանը:

Հանրապետական պատգամավոր Վազգեն Կարախանյանն էլ Նժդեհի խոսքերն է հիշեցնում՝ «Նժդեհն ասում էր՝ մենք երբեմն հաղթում ենք երգելով»: Շատերն արդարացիորեն տարակուսած են՝ ինչպե՞ս է ստացվել, որ մեր պաշտոնյաները ապահովված են գերժամանակակից ավտոմեքենաներով, մինչդեռ բանակն այսօր 80-ականների զենքով է սպառազինված: Այս հարցին Վազգեն Կարախանյանը պատասխանեց՝ «ես ցավում եմ, իրոք ձեր ասածի մեջ ճշմարտություն կա: Մյուս կողմից էլ սա մեզ համար երևի դաս եղավ, որ մենք ավելի խորը վերլուծության ենթարկենք, էսպիսի իրադարձություններ էլի են լինելու: Ես սիրում եմ իմ ժողովրդին, ես պայքարել եմ էս ժողովրդի համար, անկախության համար: Ամեն մեկը պետք է իր տեղում իր գործը լավ կատարի: Առավել ևս՝ երբ թշնամին մեր կողքին է»։ Հարցին՝ իսկ ինչու՞ պաշտոնյաները չեն հիշում այդ մասին, Կարախանյանը պատասխանեց՝ «Դժվարանում եմ ասել»:

Մինչդեռ, ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հետևյալ հարցադրումն է անում՝ ինչո՞վ էին զբաղված իշխանությունները զինադադարի հաստատումից ի վեր, որ այսօր հայտարարում են, թե 80-ականների զենքով ենք կռվում: Զուրաբյանն ընդգծում է՝ 1998-ից հետո իշխանությունը ստացել էր մի ժառանգություն, որտեղ Հայաստանի ու Ղարաբաղի բանակներն ակնհայտ առավելություն ունեին հակառակորդի նկատմամբ:

«Չպիտի այսպիսի տեխնոլոգիական ճեղքվածք առաջանար նրանց և մեր զինված ուժերի միջև: Իսկապես՝ իրենց անձնական սպառման հետ կապված՝ ոչ մի տեխնոլոգիական հետամնացություն չկա, բայց, չգիտես ինչու, մեր ազգի համար ամենակենսական հարցում մենք ունենք տեխնոլոգիական ճեղքվածք»,- արձանագրում է ընդդիմադիր պատգամավորը: Զուրաբյանը նաև հիշեցնում է՝ բազմիցս են զգուշացրել, որ տնտեսության վիճակն ու երկրում տարածում գտած կոռուպցիան դառնում են ազգային անվտանգության խնդիր, քանի որ դրանք ազդում են նաև մեր ռազմական հնարավորությունների վրա: «Ու մի գուցե վերջին հնարավորությունն է մեր ժողովրդի համար՝ դասեր քաղելու և հասկանալու, որ այսպես այլևս չի կարելի»:

XS
SM
MD
LG