Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի հայերը վճռական են տրամադրված


Լեռնային Ղարաբաղ - Շփման գծում մարտերում զոհվածների հիշատակին նվիրված արարողություն Ստեփանակերտում, 5-ը ապրիլի, 2016թ․
Լեռնային Ղարաբաղ - Շփման գծում մարտերում զոհվածների հիշատակին նվիրված արարողություն Ստեփանակերտում, 5-ը ապրիլի, 2016թ․

«Որքան պահպանվի այս մոլորեցնող հավասար վերաբերմունքը կողմերի նկատմամբ, խաղաղություն չի հաստատվելու», - ընդգծում է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի տնօրենը:

Սփյուռքը ոտքի է կանգնել և վճռական է տրամադրված, հայտարարում են Միացյալ Նահանգների հայկական խոշոր կազմակերպությունները` Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը և Ամերիկայի Հայկական համագումարը:

Համագումարի համանախագահ Էնթոնի Բարսամյանը «Ամերիկայի Ձայն»-ին ասել է, որ Միացյալ Նահանգների հայ համայնքը մտադիր չէ տեղի ունեցած բախումներն անպատասխան թողնել. - «Իրականում Ամերիկայի հայ համայնքը սթափվեց և գիտակցեց, որ հենց այս պահին Ղարաբաղին ու Հայաստանին վտանգ է սպառնում, և մենք այդ վտանգի կանխման ուղղությամբ լուրջ գործողություններ ենք ձեռնարկելու»:

Բարսամյանի խոսքով, ԱՄՆ-ի բոլոր հայկական կազմակերպությունները և եկեղեցին համակարգում են աշխատանքները՝ լուրջ արդյունքի հասնելու համար:

«Այսօր մենք նամակ ենք ուղարկել Սպիտակ տուն և ես անձամբ խոսել եմ Սպիտակ տան աշխատակազմի պաշտոնյաների հետ: Հաջորդ օրերի ընթացքում մենք նախատեսում ենք ևս մեկ հանդիպում Պետքարտուղարության ներկայացուցչի հետ», - նշել է Բարսամյանը:

Նախագահ Օբամայի աշխատակազմի պաշտոնյաների հետ հանդիպումներ են անցկացրել նաև Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները: Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի կարծիքով, ԱՄՆ-ի իշխանությունները պետք է ճնշում գործադրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա, որը նախորդ շաբաթ Վաշինգտոնում էր. - «Առաջին հերթին մենք ցանկանում ենք, որպեսզի Միացյալ Նահանգները Ադրբեջանին ուղղակի մեղադրի հարձակման մեջ: Այնքան ժամանակ, որքան պահպանվի այս մոլորեցնող հավասար վերաբերմունքը կողմերի նկատմամբ, խաղաղություն չի հաստատվելու»:

ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունները նախատեսում են նաև կոչ անել Միացյալ Նահանգների օրենսդիրներին՝ արգելել Ադրբեջանին ցանկացած տեսակի ամերիկյան ռազմական օգնության տրամադրում և միևնույն ժամանակ ավելացնել Լեռնային Ղարաբաղին ամերիկյան օգնության չափը: Արամ Համբարյանի կարծիքով՝ անհրաժեշտ է պարզել, թե բախումներից հետո ինչպիսի օգնության կարիք ունեն Ղարաբաղի բնակիչները. - «Այդ նպատակով մենք կոչ ենք անում Պետքարտուղարությանը փաստահավաք խումբ ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ վնասը գնահատելու և մարդկանց կարիքները պարզելու նպատակով»:

Հանձնախումբը նաև կրկին կոչ է արել ԱՄՆ-ին՝ Լեռնային Ղարաբաղի շփման գծում կրակի ուղղությունը որսացող սարքեր տեղադրել, որին ընդդիմանում է ադրբեջանական կողմը:

«Մենք կոչ ենք անում այդ դեպքում սարքերը տեղադրել միայն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կողմի վրա: Դա իհարկե չի ապահովի ճշգրտության այն աստիճանը, որը կլիներ սարքերը նաև հակառակ կողմում տեղադրելու դեպքում, սակայն որոշակի տվյալներ այնուամենայնիվ հնարավոր կլիներ ստանալ», - նշել է Համբարյանը:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը նաև կոչ է անում Միացյալ Նահանգների իշխանություններին հրապարակել ԱՄՆ-ի հետախուզական արբանյակների և այլ հատուկ ծառայությունների տվյալները ապրիլի 2-ին Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում տեղի ունեցած բախումների նախօրեին զինվորական պատրաստությունների վերաբերյալ, որը կարող է հետաքրքիր մանրամասներ ի հայտ բերել կողմերի ռազմական պատրաստությունների վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG