Մատչելիության հղումներ

Նախագահ Սերժ Սարգսյանը Գերմանիա պաշտոնական այցի շրջանակում երեկ երեկոյան Բեռլինից մեկնել է Բրանդենբուրգ երկրամասի մայրաքաղաք Պոտսդամ:

Բրանդենբուրգի կառավարությունում Հայաստանի նախագահը հանդիպում է ունեցել այդ երկրամասի վարչապետ Դիթմար Վոյդկեի հետ:

Նշելով, որ Բրանդենբուրգն ամենաարագ զարգացող երկրամասն է Գերմանիայում, Սերժ Սարգսյանը ասել է․ - «Լիահույս եմ, որ մեր երկխոսությունը շարունակական կլինի, և Ձեր արժեքավոր փորձն ու գիտելիքները կծառայեցնեք նաև Հայաստանի և Բրանդենբուրգի միջև համագործակցությանը, այդ թվում՝ ապակենտրոնացված կապերի ընդլայնմանը»:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ զրուցակիցները կարևորել են տնտեսական ոլորտում գործակցությունը, գործարար համայնքի ներկայացուցիչների միջև շփումների խրախուսումը, այդ համատեքստում` գերմանական ներդրումների ներգրավումը հայաստանյան շուկա: Անդրադարձ է եղել նաև Հայաստանում իրականացվող համապարփակ բարեփոխումներին, Վոյդկեն կարևորել և ողջունել է դրանք, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանի և Դիթմար Վոյդկեի ներկայությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Բրանդենբուրգ երկրամասի միջև մշակույթի ոլորտում համագործակցության հուշագրի ստորագրման արարողությունը:

Նախագահն այցելել է նաև Յոհաննես Լեփսիուսի տուն-հետազոտական կենտրոն, որի գիտական ղեկավար Ռոլֆ Հոսֆելդի ուղեկցությամբ շրջայց է կատարել հետազոտական հաստատությունում, եղել է Լեփսիուսի առանձնասենյակում, որտեղ նրան ցուցադրել են գաղտնի արխիվներում պահվող Լեփսիուսի ձեռագիր փաստաթղթերը:

Շրջայցի ավարտին Հայաստանի նախագահը գրառում է կատարել կենտրոնի պատվավոր հյուրերի գրքում. - «Որպես Հայաստանի Հանրապետության Նախագահ և պարզապես որպես հայ՝ խոր երախտիքով եմ գրում այս տողերը: Միայն մեծ մարդասերն ու արդարության անմնացորդ նվիրյալը այդքան հաղորդակից կարող էր լինել մեկ այլ ժողովրդի ցավին։ Յոհաննես Լեփսիսուսի գրչի շնորհիվ է նաև, որ այսօր՝ շուրջ մեկ դար հետո ճշմարտությունը կենդանի է, իսկ ժամանակն անզոր՝ սքողելու մարդկության սև էջերը։ Հայաստանն այսօր կանգուն է՝ հայ ժողովրդով, ինչպես դա ինքն էր փափագում»:

Նույն օրը Սերժ Սարգսյանը Գերմանիայում նաև հարցազրույց է տվել ԳԴՀ հանրային ARD հեռուստաընկերությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG