Մատչելիության հղումներ

Հայաստանը նշում է Մայրության և գեղեցկության տոնը


Հայաստանը նշում է Մայրության և գեղեցկության տոնը։ Տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել նախագահ Սերժ Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը։ Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել նաև Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է. - «Այս պայծառ գարնանային տոնը ևս մի առիթ է մեծարելու ձեզ: Եվս մի գեղեցիկ առիթ է արտահայտելու ձեր նկատմամբ մեր հարգանքը, ակնածանքն ու սերը: Եվս մի առիթ է գնահատանքի և երախտագիտության խոսքեր հնչեցնելու նրանց հասցեին, ովքեր մեր ընտանեկան երջանկության կերտողներն ու պահապաններն են, ովքեր մեր հասարակության առաջընթացի և ազգային վերելքի ամենաեռանդուն ուժերն են»:

Նախագահը նշել է, որ վերջին օրերին Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունները կրկին ընդգծեցին հայ ժողովրդի ամենավեհ ու ազնիվ առաքինությունները: «Փորձության պահին մենք աներեր ենք և անպարտ` շնորհիվ մեր պաշտելի մայրերի և նրանց պատվի համար մարտի ելնող քաջերի: Մաղթում եմ, որ լինեք երջանիկ և հպարտանաք ձեր արժանավոր զավակներով», - Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասված է ուղերձում:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, Սվետյան տոնի առթիվ իր շնորհավորական ուղերձում Ամենայն Հայոց կաթողիկոսը մասնավորապես ասել է. - «Այս օրերին, երբ Արցախի սահմաններում սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով խաթարված է մեր կյանքի խաղաղությունը, մեր սուրբ տաճարներում առանձնակի ջերմեռանդությամբ է հնչում մեր հայրերի` Տիրամորն ուղղված բարեխոսական աղոթքը, որպեսզի «լռեն պատերազմները, դադարեն թշնամու հարձակումները, և երկրի վրա հաստատվեն սերն ու արդարությունը» (Ժամագիրք):

Դարեր ի վեր մեր մայրերի խնամքի ու սիրասուն հայացքի ներքո են դաստիարակվել ազնվասիրտ մեր զավակները՝ գիտնականն ու մանկավարժը, զինվորն ու զորականը, հոգևորականն ու շինականը, որոնք շենացրել են մեր հայրենիքը, խաղաղ պահել մեր երկրի սահմանները և պաշտպանել ազատ ապրելու աստվածաշնորհ մեր իրավունքը:

Հայրենիքի առաջ ծառացած պատերազմի վտանգն այսօր առավել ուժականություն է հաղորդում քաջարի հայ զինվոր կերտելու մեր մայրերի առաքելությանը և նորովի բացահայտում նրանց՝ դժվարությանց առաջ չընկրկելու խիզախությունն ու ոգին:

Միածնաէջ Սուրբ խորանի առջև աղոթք ենք բարձրացնում առ Աստված, որ Տերը խաղաղություն շնորհի հայրենի մեր երկրին ու ժողովրդին և Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ երջանկություն ու քաջառողջ կյանքի արևշատ տարիներ պարգևի մեր մայրերին ու քույրերին»:

Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Գալուստ Սահակյանի ուղերձում ասված է. - «Այսօր ոչ միայն տոնական, այլև խոնարհումի ևս մեկ օր է ընտանիքի, ազգի ու հայրենիքի հանդեպ ձեր անշահախնդիր սիրուն և նվիրումին, որոնց շնորհիվ ընտանիքը դառնում է տուն, երկիրը` պետություն, բնակիչը` քաղաքացի, քաղաքացին` զինվոր»:

ԱԺ նախագահը նշել է, որ մայրական սերն ու հոգատարությունը, մոր խորհուրդն ու օրհնանքն այն արժեքներն են, որոնք չեն վաճառվում կամ տրվում պարտքով, բայց որոնք զգում և պահում ենք ողջ կյանքում։

«Մայրական սիրտն ամենից շատ է ցավում երկրի համար, այնպես, ինչպես սեփական զավակի դեպքում, միաժամանակ, մայրական սիրտն ամենից շատ է մտահոգվում նրանց համար, ովքեր պաշտպանում են երկրի խաղաղությունն ու անվտանգությունը:

Եվս մեկ անգամ շնորհավորելով Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ` առողջության, բարեկեցության ու լավատեսության հետ մեկտեղ ցանկանում եմ մաղթել ձեզ, սիրելի՛ մայրեր, որ ձեր սրտերը ցնցվեն միայն ուրախությունից, ձեր ընտանիքներին ու առաջին հերթին մայրերին բնորոշ արժեքների վրա զարգացող երկրին վերաբերող բարի լուրերից», - ասված է Գալուստ Սահակյանի ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG