Մատչելիության հղումներ

Հետախուզադիվերսիոն երկու փորձ է կասեցվել․ ԼՂ ՊԲ


Հայ զինվորները մարտական հենակետում, 5-ը ապրիլի, 2016թ.

Հայ զինվորները մարտական հենակետում, 5-ը ապրիլի, 2016թ.

Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության վկայությամբ՝ այս գիշեր ադրբեջանական կողմը բազմաթիվ անգամ խախտել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը։

Այս գիշեր Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում արձանագրվել են կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունների խախտման բազմաթիվ դեպքեր:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հակառակորդը բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների և ականանետերի կիրառումից, ձեռնարկել է նաև հետախուզադիվերսիոն գործողության երկու փորձ:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հայտնաբերել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացման փորձերը և վերջիններիս հետ շպրտել ելման դիրքեր, ասված է հաղորդագրությունում:

Պաշտպանության բանակը հաղորդագրությանը կից երկու լուսանկար է հրապարակել, որում, Ղարաբաղի ռազմական գերատեսչության վկայությամբ, հայ խաղաղ բնակչության դեմ հանցագործություններ կատարած ադրբեջանական հրոսակախմբի դիակներն են:

Պաշտպանության բանակը, սակայն, չի հստակեցնում, թե որ ուղղությամբ են իրականացվել դիվերսիոն գործողությունները։

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը կեսգիշերից քիչ անց հաղորդեց, որ հակառակորդը շարունակում է խախտել կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը:

Հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 6-ին ժամը 18:30 Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում հակառակորդի ականանետային կրակից մահացու վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի 42-ամյա պայմանագրային զինծառայող Արմեն Կառլենի Գասպարյանը:

Նախօրեին, հիշեցնենք, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հրապարակեց ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ծավալված թեժ մարտերի ընթացքում ապրիլի 1-ից մինչ տվյալ պահը հայկական կողմի կրած կորուստների վերաբերյալ նոր թվեր։ Ըստ այդմ՝ քառօրյա թեժ մարտերի ընթացքում հայկական կողմն ունեցել է 32 զոհ, 121 վիրավոր, 25 զինծառայող անհետ կորած է համարվում։

Հովհաննես Մովսիսյան, Ստեփանակերտ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG