Մատչելիության հղումներ

Պատերազմ տեսած Կոթիում չեն վստահում հայտարարված հրադադարին ու ամեն պահ ականջները ձայնի՝ հաշվում են անգամ կիլոմետրեր հեռու՝ դիրքերում հատուկենտ լսվող կրակոցները։

«Է՜հ․․․ սուտ ասում են զինադադար ա, բայց՝ էսքան կտորում են, էսքան էս արին... ու անընդհատ նույն բանը», - ասում է 81-ամյա Փիրուզան։

Կոթեցի տատիկը լավ լուրերի է սպասում մարտական գործողությունների վերջնական դադարի մասին։ Ախուվախ անելով՝ դիրքերից ստացվող տեղեկություններն ի մի է բերում ու քաղաքից եկածից մի բան ավելի իմանալու ձգտումով՝ հարցեր տալիս։

«Տղա ջան, դու ո՞ր աշխարհից ես։

Երևանից։

Հո ընդի կրակել չեն՞։

Չէ։

Թոռս էլ Ղարաբաղ ա... վախում եմ...»։

Սահմանագծին ամենամոտ գտնվող այս գյուղը կրակոցների դադարի յուրաքանչյուր պահ օգտագործում է առօրյային անցնելու, անգամ բազմիցս գնդակոծությունների տակ հայտնված դաշտերը մշակելու համար։ Բայց Ղարաբաղում ծավալված մարտերը կամուկացի մեջ են գցել հողագործ գյուղացուն՝ հետ պահել դաշտերից։

Կոթիի բազմիցս կրակոցների տակ ընկած մանկապարտեզի դիմաց տարիներ առաջ քարե պատնեշ են կառուցել գյուղի 40 ամենակրտսեր երեխաներին գնդակոծությունից պաշտպանելու համար։ Մանկապարտեզում նաև 2 ապաստարան ունեն, սակայն միևնույնն է՝ ծնողները կրակոցների թեժանալու օրերին երեխաներին իրենց մոտ են պահում։ Եթե գյուղից հանելու կամ ավելի անվտանգ թաղամասեր տեղափոխելու հնար ունեն, տանում են։ Մանկապարտեզի տնօրեն Սեդա Ղազումյանը նշում է՝ հակառակորդի դիտակետում գործող մանկապարտեզի դռներն արդեն 3 օր փակ են։

Միայն 90-ականներին 33 երիտասարդ զոհ տված գյուղում այլ ցանկություն չունեն, քան ավարտված տեսնել պատերազմը։ Խաղաղության գինն իմացող գյուղացին ռազմական գործողությունների օրերին սրտնեղած է։

«Շատ դժվար ա մեր գործը․․․ թե ո՞նց կըլի՝ ես ի՞նչ գիտեմ», - ասում է Փիրուզա տատին։

XS
SM
MD
LG