Մատչելիության հղումներ

logo-print

Վերջին օրերի բախումներ ամենաթեժ կետերում՝ Մատաղիսում և Թալիշում, այսօր էլ կրակոցներ էին լսվում․ չնայած կրակը դադարեցնելու մասին երեկ ձեռք բերված պայմանավորվածությանը՝ ադրբեջանական կողմից, ըստ հայ զինծառայողների, այսօր անգամ ականանետով են կրակել հայկական դիրքերի ուղղությամբ։

Վերջին օրերի ռազմական գործողություններից հետո շփման գծի անմիջական հարևանությամբ գտնվող Թալիշ գյուղի մեծ մասն ավերվել է, հրետակոծվել է գյուղապետարանը, դպրոցը, մանկապարտեզը, հանդիսությունների տունը։ Տասնյակ տներ հողին էին հավասարվել։

Հրետակոծված Թալիշում վնասները հաշվելու ժամանակ դեռ չունեն, 500 բնակիչ ունեցող գյուղում միայն տղամարդիկ են մնացել՝ զենքերով են շրջում․ վստահ չեն, որ հրադադարը երկար կպահպանվի։

Հրետակոծության պատճառով վնասվել են նաև էլեկտրասյուները, էլեկտրամատակարարումը դադարեցվել է։

«Հրետակոծվել է համայնքը, մի դիվերսիոն խումբ որ մտել է համայնք՝ վերևի թաղամասը ընդամենը։ Այնտեղից ներքև չեն իջել։ Այնտեղ է, որ տանը գնդակահարել են համայնքի երեք բնակիչներին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Թալիշի գյուղապետ Վիլեն Պողոսյանը։

Ըստ թալիշցիների՝ գյուղը հրետանուց բացի նաև ուղղաթիռներն են գնդակոծել, ադրբեջանական կողմը նաև պայթող անօդաչու թռչող սարք է օգտագործել, որը հենց գյուղի մատույցներում մեքենա է պայթեցրել, մարդիկ են զոհվել։

Թալիշի հարևանությամբ գտնվող Մատաղիսում գրեթե նույն պատկերն է։ Գյուղապետը հրետակոծության ժամանակ փորձել է միկրոավտոբուսով տարհանել գյուղացիներին, բայց արկի հարվածից մեքենան շրջվել է։ Գյուղապետը վիրավոր է, գտնվում է հիվանդանոցում։

Մատաղիսում հրթիռակոծել են նաև Սարսանգի ջրամբարի հարևանությամբ գտնվող հիդրոէլեկտրոկայանը։

XS
SM
MD
LG