Մատչելիության հղումներ

ԵՏՄ երևանյան գագաթաժողովը Մոսկվա տեղափոխելու մասին հստակ որոշում դեռ չկա


ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը, արխիվ:

ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը, արխիվ:

Առայժմ պաշտոնապես չի հստակեցվում, թե որտեղ է կայանալու Եվրասիական տնտեսական միության գագաթաժողովը՝ Երևանո՞ւմ, ինչպես ծրագրված է, թե՞ Մոսկվայում, ինչպես առաջարկել է Ղազախստանը:

Լրատվամիջոցներում արդեն շրջանառվում է, թե ԵՏՄ անդամ երկրների վարչապետերը ապրիլի 8-ին Երեւան գալու փոխարեն ապրիլի 13-ին կհավաքվեն Մոսկվայում: Սակայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամլո ծառայության պետի տեղակալ Մարինա Շկուռլատովան «Ազատության» հետ զրույցում ասաց, որ վերջնական որոշում դեռ չկա:

Գագաթաժողովը Երևանից Մոսկվա տեղափոխելու հարցը Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ նշելով, որ, ելնելով ստեղծված իրավիճակից, Ռուսաստանը հակված է համաձայնել Ղազախստանի առաջարկին:

Իշխող Հանրապետականի խորհրդարանական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի կարծիքով, եթե ԵՏՄ գագաթաժողովը, այնուամենայնիվ, Մոսկվայում կայանա, Հայաստանը պետք է քննարկի իր մասնակցության հարցը․ - «Ղազախստանը առաջին հերթին պետք է մտածի ոչ թե Եվրասիական տնտեսական համաժողովը Մոսկվա տեղափոխելու մասին, այլ Ադրբեջան կոչված ահաբեկչական երկրին զենք չվաճառելու և չհովանավորելու մասին: Չեմ կարծում, թե որևէ անհրաժեշտություն կար ընդհանրապես տեղափոխելու: Կարծում եմ, մենք սրանից պետք է հետևություններ անենք և փորձենք քննարկման դնել նաև այս լարված պայմաններում մեր մասնակցության խնդիրը»:

«Հայաստանը պետք է չգնա և չմասնակցի Մոսկվայում, որովհետև այստեղ Հայաստանի Հանրապետությունը որևէ մեկի հետ չի պատերազմում, Երևանը շատ խաղաղ քաղաք է: Պարտավոր են գալ և մասնակցել նախապես հայտարարված հանդիպմանը: Եթե որոշել են չգալ, ուրեմն պետք է չեղյալ հայտարարվի, և Հայաստանը պետք է չմասնակցի», - «Ազատության» հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:

Ռուսաստանի վարչապետը Հայաստան կայցելի նախապես համաձայնեցված ժամկետում՝ ապրիլի 7-ին: Երևանից, սակայն, Դմիտրի Մեդվեդևը կմեկնի Բաքու, ինչը ի սկզբանե նախատեսված չէր։

Ալեքսանդր Արզումանյանի խոսքով՝ այսպիսի հավասարությունը չպետք է ընդունելի լինի Հայաստանի համար․ - «Ավելի շատ լարվածություն է մտցնում նման պարիտետային [մոտեցումը]․․․ հա՛մ ձեզ, հա՛մ ձեզ: Պետք չէ: Մենք արդեն երկար պատմություն ունենք անկախ պետականության, որ տարբեր ձևերի կտեր չուտենք: Եվ այդ հերթական կուտը՝ Մոսկվայից լինի թե Բրյուսելից, չեմ կարծում, որ ընդունելի է»:

Գագիկ Մելիքյանի կարծիքով, Մեդվեդևը տարածաշրջան է այցելում՝ խաղաղության հաստատմանը նպաստելու․ - «Չեմ կարծում, որ այս պարագայում կարելի է համարել պարիտետային քաղաքականություն: Սա արդեն լուրջ քաղաքականություն է Ռուսաստանի կողմից․ երկու կողմերի հետ բանակցային գործընթաց իրականացնել՝ խաղաղության ամրապնդման նպատակով»:

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ Մեդվեդևը չի այցելում նաև Ստեփանակերտ, Մելիքյանն արձագանքեց․ - «Ընդունում եմ հարցը, և կարծում եմ, որ դրա անհրաժեշտությունը կա: Ստեփանակերտը չի կարող չդիտարկվել որպես խաղաղ բանակցային կողմ»:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, որ ստեղծված լարված իրավիճակում իրենք իշխանություններին չեն քննադատում և չեն միջամտի նաև դիվանագիտական գործընթացներին․ - «Ո՛չ գնահատական կտանք, ո՛չ էլ քննադատությամբ հանդես կգանք: Ուզում եմ շեշտել, որ այս մեր զուսպ կեցվածքը տարածվում է ուղիղ այն ժամանակաշրջանի վրա, երբ իրավիճակը ռազմաճակատում դեռ կարգավորված չէ, վտանգի տակ են մեր զինվորները և մեր բնակչությունը, մեր ժողովուրդը»:

XS
SM
MD
LG