Մատչելիության հղումներ

ԼՂ նախագահի մամուլի խոսնակը հայտնեց, որ հայկական կողմն իր տարածքում հակառակորդի դիակներ ունի, որոնք պատրաստ է փոխանցել Ադրբեջանին։

Հայկական կողմն ադրբեջանցի գերիներ չունի, «Ազատության» հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ շեշտելով, որ հակառակ դեպքում իրենք կդիմեին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին։

«Եթե լիներ, մենք կասեինք, բրիֆինգի ժամանակ էլ կասեինք: Մենք, ի տարբերություն Ադրբեջանի, գերիների հարցով համագործակցում ենք միջազգային կազմակերպությունների հետ, և եթե գերի է ընկնում, անմիջապես Կարմիր Խաչին տեղեկացնում ենք»,- ասաց պաշտոնյան:

Բաբայանը նշեց, որ հայկական կողմն իր տարածքում հակառակորդի դիակներ ունի, որոնք պատրաստ է փոխանցել Ադրբեջանին։ ԼՂ նախագահի խոսնակը նաև տեղեկացրեց, որ թե՛ անհետ կորածների, և թե՛դիակների փոխանակման հարցով հայկական կողմը գործընթաց է սկսել։

«Մենք իհարկե, մեր կողմում ունենք դիակներ, գործընթացը կգնա, կտեսնենք ինչ ենք անում։ Դա պրակտիկա է, իմ ասելով չի, այդ գործընթացը ընթանում է նույնիսկ պատերազմի թեժ ժամանակներում։ Հիմա այդ գործընթացը դեռ սկզբնական մասում է, նախ պետք է ճշտվեն այդ անհայտ կորածների ցուցակները»,- հայտնեց Բաբայանը:

Հայկական կողմի տվյալներով, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում քառօրյա ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորել է առնվազն 28 զինվոր։ Այս ցանկը փոփոխական է, ճշտվում են նրանց տվյալները, փոխանցեց Բաբայանը։

Բջնիի (Կոտայքի մարզ) գյուղապետ Արմեն Մաթևոսյանն «Ազատությանը» փոխանցեց, որ ռազմական գործողություններից հետո գյուղի զինծառայողներից 18-ամյա Կարեն Ներսիսյանից լուր չունեն․ հստակ չէ, թե նա որ ցուցակում է՝ անհետ կորածների, թե վիրավորվածների։ Կարենը 8 ամիս առաջ է զորակոչվել բանակ, ծառայում է Լեռնային Ղարաբաղում:

«Ամսի 1-ից երեխուց խաբար չկա, տեղեկություն չկա, կապ չկա։ Ծնողն այսօր ընկերների հետ մեկնեց Ղարաբաղ, որովհետև ստույգ որևիցե պատասխան չունենք։ Ես անձամբ դիմել եմ զինկոմին, մարզպետին, բոլոր հնարավոր-անհնար ուղղություններով դիմել ենք, բայց կոնկրետ պատասխան չեն կարողանում տա»,- ասաց Մաթևոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG