Մատչելիության հղումներ

Այսօր իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի միջև:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն՝ նախագահները քննարկել են վերջին օրերին Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծում ստեղծված իրավիճակը:

«Նախագահ Սարգսյանն իր գործընկերոջը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական հարձակման, և այդ գործողություններին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի համարժեք պատասխանի մասին: ՀՀ նախագահը հատուկ անդրադարձ է կատարել խաղաղ բնակչության հանդեպ գործադրած բռնություններին` համեմատելով դրանք տարածաշրջանի հայտնի ահաբեկչական խմբավորումների գործելաոճի հետ», - ասված է հաղորդագրությունում, - «Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ընդգծել է, որ ահաբեկչական խմբավորումների և ներկայիս այլ մարտահրավերների համատեքստում տարածաշրջանում լարվածության նոր օջախների բռնկումը չի բխում որևէ մեկի շահերից և անհրաժեշտ է գործադրել բոլոր հնարավորությունները` խաղաղ բանակցությունների գործընթացը վերականգնելու ուղղությամբ: Նախագահ Ռոհանին նշել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի կարող ունենալ ռազմական լուծում»։

Հայաստանի և Իրանի նախագահները քննարկել են նաև Հայաստան-Իրան երկկողմ օրակարգի հարցեր` համակարծիք լինելով, որ անհրաժեշտ է շարունակաբար խորացնել երկու երկրների բարեկամական հարաբերությունները և փոխշահավետ համագործակցությունը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG