Մատչելիության հղումներ

logo-print

Մատաղիսցի կին․ Ես խաղաղություն եմ ուզում


Մատաղիսցի Ջուլիտա Սարգսյանը զրուցում է «Ազատության» թղթակցի հետ: 6-ը ապրիլի, 2016 թ․

Մատաղիսցի Ջուլիտա Սարգսյանը զրուցում է «Ազատության» թղթակցի հետ: 6-ը ապրիլի, 2016 թ․

«Ազատությունը» զրուցել է Հայաստանում ապաստանած թալիշցիների ու մատաղիսցիների հետ:

Թալիշցի Գայանե Նազունցը չորս երեխաների և տարեց սկսեսրոջ հետ վայրկյանների ընթացքում է կարողացել փրկվել ապրիլի 2-ի գիշերը անակնկալ սկսված գնդակոծություններից:

Այժմ Աբովյան քաղաքում ժամանակավոր ապաստան գտած կինը պատմում է, որ նախ թաքնվել են սեղանների տակ, հետո ստիպված գիշերանոցներով ու հողաթափերով հասել մեքենաներին ու եկել են Հայաստան․ - «Եթե մի երկու րոպե ուշ լիներ, սաղին փրթելու էին»:

Բազմանդամ ընտանիքը այդպես էլ չի հասցրել հասնել գյուղի մյուս ծայրում ապրող տարեց ծնողներին ու 92-ամյա տատին: Վերջին անգամ հեռախոսով են խոսել, երկու օր անց համացանցի լուսանկարներից տեղեկացել, որ նրանք այլևս չկան՝ դաժանաբար սպանվել են: Հայաստան հասած հարազատները անգամ նրանց հուղարկավորությանը չեն կարողացել մասնակցել:

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող գյուղում մեծացած Նորան երկրորդ անգամ է վերապրում պատերազմի սարսափը: Արցունքոտ աչքերով հիշում է, թե ինչպես 90-ականներին մի կերպ փրկեց երեխաներին, հիմա էլ կրկին փախստական է, բայց արդեն թոռների հետ․ - «Դուս ենք եկել, հետևներից տրաքոցը սկսել ա: Մի կերպ տնից դուրս ենք եկել: Տկլոր․․․ Դժվար ա, բալա, դժվար ա․․․ Ինչո՞վ ենք ապրելու, դա չենք հասկանում»:

Ընտանիքի տղամարդիկ մնացել են Թալիշում, գյուղի վիճակի մասին շատ չեն կարողանում խոսել:

Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ Թալիշում և Մատաղիսում ավիրված տները քիչ չեն՝ առանց հստակ տվյալներ նշելու: ԼՂ իշխանությունների անունից վստահեցրեց, որ կորուստները գնահատելուց հետոօգնութոյւն կցուցաբերեն․ - «Հրթիռակոծությունից որոշ շենքեր տուժել են, բայց ընդհանուր առմամբ ամեն ինչ նորմալ է, և շուտով կսկսվի վերադարձը: Որոշ ուժեր, այդ թվում՝ թշնամի, ապատեղեկատվություն է տարածում, որպեսզի մարդկանց ահաբեկի, և այդ մարդիկ ուշ վերադառնան կամ ընդհանրապես չվերադառնան: Բայց իրական պատկերը լրիվ տարբեր է»:

Աննախադեպ բախումներից տուժել է նաև Մատաղիսը: Ապրիլի 2-ը ռումբերի և կրակոցների տակ լուսացրած մատաղիսցի 53-ամյա Ջուլիետա Սարգսյանը այնտեղ թողել է առանձնատունը, դուռն անգամ չեն հասցրել փակել, և առանց փաստաթղթերի, սննդի ու հագուստի, անչափահաս երեք թոռների հետ եկել են Երևան: Իսկ որդին՝ Արցախը մնացել է Մատաղիսում:

«Նորմալ կյանքով ապրում էինք․․․ Չէինք պատկերացնի, որ կարող ա էսպես լինի: Ախպորս կինը, իրա տասնհինգ տարեկան էրեխեն մնացին Ստեփանակերտ», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:

Պատերազմի սարսափը տեսած կինը խոսելիս դեռ դողում էր: Այդուհանդերձ, անհամբեր սպասում է այն օրվան, երբ նորից հայրենի տուն՝ Ղարաբաղ կվերադառնա: Սեփական երկրի կառավարությունից նյութական օգոնության ակնկալիք չունի․ - «Ես օգնություն չեմ ուզում, ես խաղաղություն եմ ուզում, որ գնամ մեր գյուղը, աշխատեմ, իմ ընտանիքը պահեմ: Ես խաղաղություն եմ ուզում»:

XS
SM
MD
LG