Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը Բեռլինում հանդիպել է Գերմանիայի արտգործնախարարին


Լուսանկարը՝ Հայաստանի նախագահականի
Լուսանկարը՝ Հայաստանի նախագահականի

Պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, նշելով, որ իր այցը Գերմանիա կայանում է այնպիսի մի ժամանակահատվածում, երբ Ադրբեջանի կողմից լրջագույն մարտահրավեր է նետված Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև Հայաստանի անվտանգությանը, Հայաստանի նախագահը հանգամանորեն ներկայացրել է այս օրերին Ադրբեջանի կողմից զինադադարի խախտման և իրադրության աննախադեպ սրման պատճառով առաջացած լարված իրավիճակն ու վերջին զարգացումները:

«Այն, որ այս դժվարին պահին ես այստեղ եմ, առավել քան խոսում է այն կարևորության մասին, որ Հայաստանը վերապահում է երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև Գերմանիայի դերակատարությանը՝ որպես ԵԱՀԿ նախագահող երկիր», - ասել է Սերժ Սարգսյանը` ընդգծելով. - «Հաշվի առնելով, որ Մինսկի խմբի համանախագահներին է վստահված Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը՝ ակնկալիքները մեծ են հենց ԵԱՀԿ-ից»:

Նախագահը նշել է, որ ակնկալվում են խաղաղությանն ուղղված գործնական քայլեր, իսկ 1994 թվականի զինադադարի ռեժիմի վերականգնումից հետո` այն խստորեն պահպանելուն միտված մեխանիզմների կիրառում։

Գերմանիայի արտգործնախարարը վերահաստատել է իրավիճակի կապակցությամբ հակամարտության կողմերին արված իր կոչը` ևս մեկ անգամ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, և կողմերը պետք է քաղաքական կամք ցուցաբերեն ու վերադառնան Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով բանակցություններին:

Շտայնմայերը կարևորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վստահության ամրապնդման միջոցառումների իրականացումը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից շփման գծում մոնիտորինգի վերսկսումը:

Հանդիպմանը երկուստեք կարևորվել է զինադադարի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը: Սերժ Սարգսյանն այդ առումով անհրաժեշտ է համարել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի ընդլայնումը և նրա գլխավորությամբ գործող գրասենյակի կարողությունների մեծացումը:

Հայաստանի նախագահը և Գերմանիայի արտգործնախարարը քննարկել են դինամիկ զարգացող երկկողմ միջպետական հարաբերությունների օրակարգը, նախանշել մի շարք ոլորտներում համագործակցությունը զարգացնելու հնարավորությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG