Մատչելիության հղումներ

Շարմազանով. Ահաբեկիչների հովանավոր Թուրքիան անելիք չունի ղարաբաղյան գործընթացում


ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով, արխիվ
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով, արխիվ

Ահաբեկիչների հովանավոր Թուրքիան անելիք չունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, այսօր հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում նախօրեին հայտարարել էր, մասնավորապես, թե «Թուրքիան միշտ կլինի եղբայրական Ադրբեջանի կողքին, քանի որ օսմանյան թուրքը, անգամ ընկած, երբեք եղբորը փորձանքի մեջ չի թողնի», մեղադրել էր Հայաստանին ադրբեջանական տարածքների օկուպացիայի մեջ, քննադատել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին:

Ազգային ժողովի փոխնախագահի աշխատակազմի փոխանցմամբ, Շարմազանովը, արձագանքելով Չավուշօղլուի այս հայտարարությանը, ասել է. - «Տխրահռչակ Չավուշօղլուն այս հայտարարությամբ վերահաստատել է Թուրքիայի իշխանությունների մեղսակցությունն Ադրբեջանի ահաբեկչական գործողություններին»:

«Այս ամենը զարմանալի չէ, քանի որ թե՛ Մերձավոր Արևելքում «Իսլամական պետության» ահաբեկիչների, թե՛ ադրբեջանական զինված ուժերի հանցագործությունները, մասնավորապես Թալիշում անօգնական ծերերի սպանդը նույն ձեռագիրն է, որը կարող է ուղղորդվել Թուրքիայի կողմից: Չավուշօղլուի այդ հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան ջղաձիգ արձագանք իրենց ձախողված բլիցկրիգին», - նշել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը:

Ըստ Ազգային ժողովի փոխնախագահի, Չավուշօղլուի՝ Ալիևին սատարող հայտարարությունն իրեն հիշեցրել է Հիտլերի և Մուսոլինիի եղբայրության կոչերը, որոնց ահաբեկչական քաղաքականությունը ձախողվել է: «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, պետք է նշեմ, որ ահաբեկիչների հովանավոր Թուրքիան անելիք չունի հիմնախնդրի կարգավորման գործընթացում», - ասել է Շարմազանովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG