Մատչելիության հղումներ

Իսկ Երևանում նախատեսված ԵՏՄ անդամ երկրների վարչապետների հանդիպումն ավելի ուշ կանցկացվի Մոսկվայում։

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ ապրիլի 7-ին Հայաստան կատարելիք այցը չի հետաձգվում, բայց հաջորդ օրը Երևանում նախատեսված ԵՏՄ անդամ երկրների վարչապետների հանդիպումն ավելի ուշ կանցկացվի Մոսկվայում։

Ռուսաստանի վարչապետի մամուլի խոսնակ Նատալյա Տիմակովան երեկ լրագրողներին ասել է, թե Մեդվեդևի այցը կկայանա նախօրոք պլանավորված ժամկետում՝ ապրիլի 7-ին, իսկ դրանից հետո համաձայնեցված է Մեդվեդևի այցը Բաքու, որը տեղի կունենա հաջորդ օրը՝ ապրիլի 8-ին։ ԵՏՄ անդամ երկրների վարչապետների հանդիպումը կտեղափոխվի Մոսկվա։

«Շուտով տեղի կունենա Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հեռախոսազրույցն իր հայ գործընկերոջ՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։ Սպասվում է, որ Մեդվեդևը, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, Աբրահամյանին կփոխանցի ԵՏՄ-ն նախագահող Ղազախստանի առաջարկը՝ ԵՏՄ երկրների վարչապետների հանդիպումը՝ միջկառավարական խորհրդի նիստը, անցկացնել հաջորդ շաբաթ Մոսկվայում», - լրագրողների ասել է Տիմակովան։

Ռուսական ՏԱՍՍ, «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, վկայակոչելով Մեդվեդևի խոսնակին, նշում են, որ Մոսկվան պատրաստ է համաձայնել Ղազախստանի առաջարկին։ Լրատվամիջոցները նաև հիշեցնում են, որ Մեդվեդևի Հայաստան կատարելիք այցի մասին հայտարարվել էր մարտի 24-ին՝ մինչև Ղարաբաղում իրավիճակի սրվելը։

Մեդվեդևի այցի ընթացքում Երևանում նախատեսվում է երկու կողմերի միջև ստորագրել միջկառավարական և միջգերատեսչական մի շարք փաստաթղթեր։

XS
SM
MD
LG