Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի և ֆրանսիացի համանախագահները մեկնել են Բաքու


ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստը Վիեննայում, 5-ը ապրիլի, 2016թ.

ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստը Վիեննայում, 5-ը ապրիլի, 2016թ.

Միջնորդները կայցելեն նաև Ստեփանակերտ և Երևան։

Վիեննայում ապրիլի 5-ին կայացած ԵԱՀԿ-ի Մշտական խորհրդի արտահերթ նիստում Մինսկի խմբի երեք համանախագահներին ներկայացնող դեսպան Ջեյմս Ուորլիքը և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը կազմակերպության անդամ 57 պետությունների ներկայացուցիչներին մանրամասներ են ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին զարգացումների մասին:

Ըստ ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքի, Ուորլիքը և Կասպշիկը ողջունել են հարձակումները դադարեցնելու մասին լուրը և կողմերին կոչ են արել հարգել հրադադարը:

Նրանք ընդգծել են կայուն հրադադարի վրա հիմնված քաղաքական գործընթացին վերադառնալու կարևորությունը:

ԵԱՀԿ-ի անդամ պետությունները համաձայնել են, որ վերջին էսկալացիան խորը անհանգստություն է առաջացնում, և անհրաժեշտ է, որ ԵԱՀԿ-ն շարունակի առանցքային դերակատարություն ունենալ խաղաղ կարգավորմանն աջակցելու գործում։ Բոլոր անդամ երկրները պետք է աջակցեն Մինսկի խմբի և համանախագահների գործունեությանը։

Բեռլինում ԵԱՀԿ-ն նախագահող Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ հարձակումների դադարեցման մասին լուրերը ոգևորող են։ «Հիմա մեր անմիջական ջանքերի ուշադրության կենտրոնում պետք է լինի հրադադարի կայունությունը և նոր լարվածությունը կանխելը», - ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, ասել է Շտայնմայերը և ողջունել համանախագահների վաղաժամկետ այցելությունը տարածաշրջան։

ԵԱՀԿ-ի գործող նախագահը նաև ասել է, որ սերտ կապերի մեջ է կողմերի և միջազգային այլ կազմակերպությունների հետ։

ԵԱՀԿ-ի Մշտական խորհրդի նիստում համանախագահների կողմից իրավիճակը ներկայացրել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, որովհետև մյուս երկու համանախագահները շտապել են տարածաշրջան։

Ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը և ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիոն երեկ երեկոյան ուղևորվել են Բաքու, Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի դեսպանը։

Ջեյմս Ուորլիքը և Անջեյ Կասպշիկը ավելի ուշ կմիանան ռուսաստանցի և ֆրանսիացի համանախագահներին։ Միջնորդները այցելելու են նաև Ստեփանակերտ և Երևան։

XS
SM
MD
LG