Մատչելիության հղումներ

Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով պաշտպանության նախարարությանը, հաստատում են, որ այսօր կեսօրից կողմերի պայմանավորվածությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում ռազմական գործողությունները դադարեցվել են:

«Ադրբեջանի զինված ուժերը ազատագրված տարածքներում դիրքեը ամրապնդելու աշխատանքներ են տանում», - հաղորդել է Ադրբեջանի պաշտպանության լրատվական ծառայությունը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր այցելելով վիրավորված զինծառայողներին հայտարարել է, թե՝ «ադրբեջանական բանակը թշնամուն արժանի հարված է հասցրել»:

Բանակցային գործընթացի վերսկսման հնարավորության մասին նա ասել է, թե Ադրբեջանը կողմ է բանակցությունների շարունակմանը, սակայն նշել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը երբեք չի եղել և չի լինի բանակցությունների առարկա:

Մինչ հրադադարը պաշտոնական Բաքուն հայտնում էր, որ անցած գիշերվա ընթացքում ադրբեջանական բանակը ևս մեկ զոհ է տվել, վերջին երկու օրերի զոհերի թիվը Ադրբեջանի հրապարակած պաշտոնական տվյալներով 16-ն է:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը այսօր մեկնել է Իրան, որտեղ հանդիպում է ունեցել Թուրքիայի և Իրանի արտգործնախարարների հետ: Սա Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների թվով չորրորդ հանդիպումն է, բայց քանի որ այն համընկնում է վերջին օրերին Ղարաբաղում ընթացող աննախադեպ բախումների հետ, ենթադրաբար քննարկվել է նաև ղարաբաղյան հակամարտությունը: Արդեն հաղորդվում է Էլմար Մամեդյարովի և Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հանդիպման մասին, որտեղ վերջինս խորը մտահոգություն է հայտնել շփման գծում ստեղծված իրավիճակի կապակցությամբ և կոչ արել թուլացնել լարվածությունը:

Այսօր ավելի վաղ Զարիֆը հեռախոսային զրույց էր ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Նա Նալբանդյանին ասել էր որ Իրանը պատրաստ է դերակատարում ունենալ ղարաբաղյան խնդրում, եթե կողմերը հետաքրքրված են: Նույն առաջարկը Զարիֆը արել է և Ադրբեջանի արտգործնախարարին:

Հայաստանին ու Ադրբեջանին սահմանակից մյուս երկիրը՝ Թուրքիան, անթաքույց աջակցում է Ադրբեջանին: Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն այսօր իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նիստում հայտարարել է, թե Թուրքիան միշտ կանգնելու է Ադրբեջանի կողքին:

«Մենք 78 միլիոն ենք, մենք շարունակելու ենք կանգնել Ադրբեջանի կողքին մինչև Ադրբեջանի օկուպացված տարածքները՝ ներառյալ Ղարաբաղը, ազատագրվեն», - «Անադոլու» գործակալության փոխանցմամբ այսօր հայտարարել է Թուրքիայի վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG