Մատչելիության հղումներ

«Ադրբեջանի իշխանությունները ռազմական հանցագործության համար պետք է կանգնեն Հաագայի դատարանի առջև»


ԼՂ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

ԼՂ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը միջազգային հանրությունից պահանջում են դատապարտել խաղաղ բնակչության նկատմամբ «Ադրբեջանի իշխանությունների բարբարոսական գործողությունները»։

Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը պնդում է, որ Ադրբեջանի իշխանությունները ռազմական հանցագործության համար պետք է կանգնեն Հաագայի միջազգային քրեական դատարանի առջև․ - «Մենք համոզված ենք, որ սա ոչ այլ ինչ է, քան ահաբեկչություն։ Հաագայի տրիբունալում դատում են մարդկանց, բայց Ադրբեջանի նախագահը և պաշտպանության նախարարը, նման ահաբեկչական քայլերի մասին խոսելով, պետք է նույնպես ընդգրկվեն նման ցուցակի մեջ»։

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ապրիլի 1-ից սկսված գործողությունների հետևանքով, ըստ հայկական կողմի, զոհվել է 11 քաղաքացիական անձ։ Թեժ բախումների հենց առաջին օրը, դպրոց գնալու ճանապարհին հրետակոծությունից սպանվել էր 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, իսկ նրա երկու ընկերները վիրավորվել էին։ Համաձան պաշտոնական Երևանի, Թալիշ գյուղում ադրբեջանական զինծառայողները գնդակահարել էին երեք տարեց բնակչի։ Երեկ էլ Լեռնային Ղարաբաղի հյուսիսում ադրբեջանական անօդաչու թռչող սարքից քաղաքացիական անձանց տեղափոխող ավտոբուսի պայթյունից զոհվեց 7 մարդ։

Պնդելով, որ Ադրբեջանի իշխանությունները խախտել են միջազգային մարդասիրական իրավունքի դրույթները՝ Լեռնային Ղարաբաղի դատախազությունը քրեական գործ է հարուցել՝ ագրեսիվ պատերազմի և զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների համար։

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունից Ազատությանը փոխանցեցին միայն, որ հիմք ընդունելով Ղարաբաղի դատախազության կողմից հարուցված քրեական գործը, հետամուտ են լինելու այս հարցում։

Միջազգային հանրությանն ուղղված կոչով հանդես է եկել նաև ԼՂ մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը՝ պահանջելով դատապարտել «Ադրբեջանի բարբարոսական գործողությունները»։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ով այս օրերին Ղարաբաղում է, «Ազատության» հետ զրույցում նշեց, որ Ղարաբաղի իր գործընկերոջ հետ տեղում ուսումնասիրելով հակառակորդի կողմից խաղաղ բնակչության նկատմամբ ոտնձգությունների փաստերը, դրանք ներկայացրել է ՄԱԿ-ին և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարներին․ - «Իմ նամակում ցույց եմ տվել, որ Եվրոպայի խորհրդի տարածքում տեղի է ունենում մարդու իրավունքների արժեքների նման կրող է, ջատագով է, խթանող է, մեկ էլ հանդուրժի նման դաժան վերաբերմունք քաղաքացիական բնակչության նկատմամբ։ Նման կերպ վերաբերվելը, այդ հանցավոր բնույթի ոտնձգությունները, որ ես որակում էի կյանքի դեմ ուղղված և այլն, հենց դրանով էր պայմանավորված: Որը նաև Ժնևի 4-րդ կոնվենցիայով է պաշտպանված, որի կողմ է նաև հենց Ադրբեջանը»։

Խնդրին անդրադարձել է նաև Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։ «Հայաստանը կարևորում է, որ միջազգային հանրությունը, ներառյալ մարդու և մարդասիրական իրավունքի օրակարգով գործող միջազգային կառույցները, խստագույնս դատապարտեն Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական անձանց հանդեպ կիրառվող բռնությունները: Նման ոճրագործություններ ծրագրողները և իրականացնողները պետք է ենթարկվեն արժանի պատասխանատվության»», - ասել է նա։

Միջազգային իրավունքի մասնագետ Եղիշե Կիրակոսյանն «Ազատության» հետ զրույցում պնդեց, թե Ադրբեջանը խախտել է պատերազմ վարելու կանոնները, և ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, հայկական կողմից նման բողոք ստանալով, այն կարող է ուղարկել Հաագայի միջազգային քրեական դատարան՝ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը այս դատարանի անդամ չեն․ - «Դա հնարավոր է հենց Միջազգային քրեական դատարանի կանոնադրության 16-րդ հոդվածի հիման վրա: Դատարանը կարող է արդեն հիմք ունենալ այս գործը և, բնականաբար, երբ որ քննություն իրականացվի, արդեն այն ֆիզիկական անձինք, ովքեր որ պատասխանատու են՝ անմիջական կատարողները, հրաման արձակողները ենթարկվեն արդեն կոնկրետ քրեական պատասխանատվության»:

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեից «Ազատության»-ը փոխանցեցին, որ չնայած դիակների փոխանակմանը աջակցելու իրենց պատրաստակամությանը՝ կողմերը դեռևս նման առաջարկություն իրենց չեն արել։

XS
SM
MD
LG