Մատչելիության հղումներ

«Աշխարհն այսօր նոր պատերազմի կարիք չունի»


Արևմտյան ԶԼՄ-ները շարունակում են լուսաբանել հայ-ադրբեջանական բախումները։

«Հետագա լարվածությունը կարող է հանգեցնել լայնածավալ պատերազմի»

Wall Street Journal-ը գրում է, թե հայկական կողմը Թուրքիային մեղադրում է այս հակամարտությունը բորբոքելու համար։

«Ադրբեջանն այդ նախաձեռնությամբ ինքնուրույն հանդես չէր գա»,- ասել է Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը և ավելացրել, որ ադրբեջանցիներին օգնում են թուրք զինվորական հրահանգիչները։

Wall Street Journal-ը հիշեցնում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ, «Ղարաբաղը մի օր հաստատ կվերադարձվի Ադրբեջանին»։

Պարբերականը նաև նշում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե զինված ուժերը պատրաստ են հարկ եղած դեպքում հարվածներ հասցնել Ստեփանակերտին։

Wall Street Journal-ը վկայակոչում է նաև Հայաստանի նախագահին, ով ասել է, որ հետագա լարվածությունը կարող է հանգեցնել «անկանխատեսելի և անդառնալի հետևանքների և լայնածավալ պատերազմի»։

Ստեփանակերտը հարձակման ենթարկելու փորձին կտրվի ցավոտ պատասխան

BBC-ն նույնպես հաղորդել է, թր Ադրբեջանը սպառնացել է խոշոր գրոհի ենթարկել վիճահարույց տարածքի մայրաքաղաքը, իսկ Լեռնային Ղարաբաղը արձագանքել է, որ նման փորձին կտրվի չափազանց ցավոտ պատասխան։

Բրիտանական լրատվամիջոցը մեջբերել է Հայաստանի նախագահի խոսքերը, որ «նոր պատերազմը սպառնալու է ոչ միայն Հարավային Կովկասի, այլև Եվրոպայի անվտանգությանը»։

«Այս հողն Ադրբեջանինը երբևէ չի եղել»

New York Times-ը գրում է, որ Ստեփանակերտի հրապարակ են հասել պատերազմի վետերանները, ովքեր պատրաստ են նորից կռվել և «անհրաժեշտության դեպքում զոհվել իրենց վաղեմի թշնամիների` ադրբեջանցիների հետ պատերազմում»․ - «Նրանց ժամանումը Ստեփանակերտ այս հին և այսօր բորբոքվող թշնամանքի բազում վկայություններից սոսկ մեկն է»։

«Կարծում եմ, սա պատերազմ է, այս հողը երբևէ Ադրբեջանինը չի եղել: Ի դեպ, Ադրբեջանն էլ երկիր չէր»,- թղթակցին ասել է 67-ամյա Լև Գևորգյանը։

Ռուսաստանը զենք է տրամադրում և՛ հայերին, և՛ ադրբեջանցիներին

New York Times-ը նշում է, որ դրսի աշխարհը Ղարաբաղի հակամարտության մասին մոռացել էր, քանի որ առավել հրատապ էին Մերձավոր Արևելքի, ինչպես նաև նախկին խորհրդային երկրների իրադարձությունները։

«Մենք շատ ենք մտահոգված»,- Ղարաբաղի խնդրի մասին ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

New York Times-ը հիշեցնում է, որ Ռուսաստանը ներկայանում է որպես միջնորդ, բայց միաժամանակ զենք է տրամադրում թե՛ հայերին և թե՛ ադրբեջանցիներին։

Երևանում մտորում են, թե էլ ինչպես ապացուցել հավատարմությունը Մոսկվային

The Daily Beast ամերիկյան պարբերականը հաղորդում է, որ տարածաշրջանային առնչությունները հստակ են` Հայաստանը Ռուսաստանի սերտ դաշնակիցն է, իսկ Թուրքիան միանշանակ սատարում է Ադրբեջանին: Իսկ Մոսկվայի և Անկարայի հարաբերություններն այս պահին խիստ լարված են և թշնամական։

Բախումների նախաշեմին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները մասնակցել են Միջուկային անվտանգության գագաթնաժողովին։ Հայաստանի և Ադրբեջանի կոնֆլիկտի ներկայիս փուլն աշխարհքաղաքական տեսակետից ավելի վտանգավոր է, քան երկու տասնամյակ առաջ։

Հնարավոր չէ թերագնահատել Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից։ Ղարաբաղի պաշտոնյաները դեռ անցյալ տարի Daily Beast-ի թղթակցին ասել են, որ «և՛ Հայաստանը, և՛ Լեռնային Ղարաբաղը առանց Ռուսաստանի օգնության չէին վերապրի Ադրբեջանի հետ կոնֆլիկտը»։

2014 թվականին Հայաստանն անդամակցել է Եվրասիական տնտեսական միությանը, Հայաստանի ռազմական վարդապետության տեսակետից Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է։

Ռուսաստանը ՄԻԳ-24 կործանիչներով, Մի-24 ուղղաթիռներով, ավելի քան 70 տանկով, զրահամեքենաներով և հրետային համակարգերով անցած տարիների ընթացքում հզորացրել է իր ռազմական ներկայությունը Գյումրիում և Երևանի «Էրեբունի» օդակայանում, իսկ այս տարվա փետրվարին 200 միլիոն դոլարի զենք ու զինամթերք է վաճառել Հայաստանին։

Բայց այստեղ կա մի «բայց»․ այդ նույն ժամանակաշրջանում Ռուսաստանը հարյուրավոր տանկեր և այլ տեխնիկա է վաճառել Հայաստանի թշնամի Ադրբեջանին։

Եվ քանի դեռ Հայաստանի մայրաքաղաքում մտորում են, թե էլ ինչ անեն Կրեմլին հավատարմությունը և նվիրվածությունը հաստատելու համար, Մոսկվայում գիտեն, որ Պուտինին անհրաժեշտ է Ադրբեջանի հետ դաշնակցային հարաբերություն ապահովելը` հատկապես երբ վատթարացել են ռուս-թուրքական հարաբերությունները․ - «Կան շատ պատճառներ, այդ թվում էներգակիրների համատեղ արդյունահանման ծրագրերը, որոնք Ռուսաստանին դրդում են հետաքրքրված լինել Ադրբեջանի հետ բարեկամությամբ։ Երևանի և Բաքվի փորձագետների համոզմամբ, Մոսկվան ամեն ինչ կանի Ռուսաստանի և Ադրբեջանի միջև լայնածավալ բախումը կանխելու համար»։

«Պուտինն իրեն չի կարող թույլ տալ կորցնել Ադրբեջանը, նա ամեն ինչ կանի Ղարաբաղում հիմա խաղաղ կարգավորման համար»,- Daily Beast-ին ասել է վերլուծաբան Դմիտրի Օրեշկինը։

Երևանում գուցեև կերազեին, որ խաղաղապահ առաքելությամբ հանդես գա Վաշինգթոնը, բայց նման բան չկա։

«Եթե միջազգային համայնքը չկարողանա հիմա դադարեցնել այս պատերազմը, ապա դրան կարող է ներքաշվել մի քանի երկիր` Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը, որոնք պաշտպանում են Ադրբեջանին և Ռուսաստանը, որը, հուսանք, կպաշտպանի Հայաստանին»,- Daily Beast-ին ասել է պատգամավոր Թևան Պողոսյանը։

«Եվս մեկ քաոս և պատերազմ… վստահ կարելի է ասել, որ հատկապես այսօր աշխարհը դրա կարիքը չունի», - եզրակացնում է Daily Beast-ը։

«Այս բախումները ձեռնտու են պարոն Պուտինին»

Wall Street Journal-ի եվրոպական հրատարակությունը նշում է, որ Ղարաբաղում նոր ապակայունացումն իսկական պարգև էր Ռուսաստանի համար, որը կայսերական նպատակներ ունի Հարավային Կովկասում․ - «Քանի որ տարածաշրջանում քիչ են միջազգային դիտորդները, դժվար ասել, թե ով է սկսել այս կռիվը, բայց շատ հեշտ է ասել, թե ում է այն ձեռնտու: Դա պարոն Պուտինն է, ով լավ գիտի` Հայաստանը և Ադրբեջանը թուլանում են այս կոնֆլիկտից ու դառնում է՛լ ավելի կախված միջնորդ և զենքի մատակարար Ռուսաստանից»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG