Մատչելիության հղումներ

Լայնածավալ պատերազմը ձեռնտու չէ կողմերից ոչ մեկին․ վերլուծաբան


Քաղաքական վերլուծաբան Արկադի Դուբնով, արխիվ
Քաղաքական վերլուծաբան Արկադի Դուբնով, արխիվ

«Ազատությունը» ղարաբաղյան շփման գծում վերջին զարգացումների մասին զրուցել է քաղաքական վերլուծաբան Արկադի Դուբնովի հետ:

«Ազատություն»․- Ի՞նչ եք կարծում, արդյոք ելք կա ստեղծված իրավիճակից։ Հնարավո՞ր է, որ իրավիճակը Ղարաբաղում վերածվի լայնածավալ պատերազմի:

Դուբնով․- Հուսով եմ, որ այն չի վերածվի լայնածավալ պատերազմի, քանի որ նախ՝ այն ձեռնտու չէ կողմերից և ոչ մեկին։ Որքան էլ գլուխ գովեն Ադրբեջանում, որ իրենց բանակը շատ ուժեղ է, լավ զինված է, որ մեծ միջոցներ են դրան հատկացվել, կա նաև մարդկային գործոնը, մարդկային ռեսուրսի պակասն ու նպատակահարմարության գործոնը։ Նրանք ուզում են հաղթել: Սակայն ոչ ոք թույլ չի տա, որ կողմերից մեկը ամբողջովին հաղթի մյուսին։ Այս հակամարտությունում սա հնարավոր չէ թույլ տալ։ Մեծ խաղացողները տարածաշրջանում թույլ չեն տա։ Թուրքիան թույլ չի տա, որ հաղթի Հայաստանը, Ռուսաստանն էլ թույլ չի տա, որ հաղթի Ադրբեջանը։

«Ազատություն»․- Ռուսաստանցի փորձագետներից շատերի, արևմտյան փորձագետների մոտ մեծամասամբ կարծես թե արդեն ձևավորվել է կարծիք, որ ռազմական գործողությունները ադրբեջանական կողմն է սկսել։ Կարծո՞ւմ եք, որ Ալիևը այս քայլին գնացել է արդեն երրորդ ուժի թույլտվությամբ։

Դուբնով․- Ստեղծվել է այնպիսի տպավորություն, որ Բաքուն և Երևանը չեն կարող ինքնուրույն գործել։ Իրականում նրանց ոչ ոք չի ստիպում, չի ասում՝ սկսիր հարձակողական գործողությունները: Միամտություն է կարծել, թե Բաքվում որոշումներ են կայացնում՝ ելնելով սոսկ Անկարայի խոստումներից։ Գիտեք, ես, իհարկե, հստակ տեղեկություն չունեմ, կարող եմ միայն վերլուծել։ Եվ կարծում եմ, որ հարձակողական գործողություններ սկսելու մասին որոշումը Ադրբեջանի իշխանությունները ինքնուրույն են կայացրել։

«Ազատություն»․- Ի՞նչ է անելու այս իրավիճակում Մոսկվան:

Դուբնով․- Արդեն անում է, Մոսկվան կողմերին ռազմական գործողություններին վերջ տալու կոչ է անում արդեն։ Իսկ հետո սկսելու է բանակցային գործընթացը Մինսկի խմբի մյուս համանախագահների՝ Վաշինգտոնի և Փարիզի հետ միասին, գործընթացին կարող են ներգրավված լինել Մինսկի խմբի մյուս անդամները, այդ թվում նաև Թուրքիան։ Իսկ եթե գործնական խոսենք, այդ մայրաքաղաքներում կարող են որոշ ժամանակ նաև սպասողական դիրքորոշում որդեգրել՝ տեսնելու համար, թե որ հակամարտող կողմն է հաղթում։ Եթե Բաքուն շատ առաջ գնա իր հարձակումներով, կկանգնեցնեն Բաքվին, եթե հայկական կողմը վերադարձնի, այսպես կոչված, ստատուս քվոն ու ավելին՝ խորանա, կկանգնեցնեն հայկական կողմին։ Իսկ հիմա որոշ ժամանակ պարզապես կհետևեն, թե կողմերից ով ինչ ներուժ ունի։

«Ազատություն»․- Ինչքա՞ն երկար կարող է տևել այս գործընթացը:

Դուբնով․- Չեմ կարծում, որ մի շաբաթ կտևի, կարծում եմ՝ մի քանի օր։

«Ազատություն»․- Կարծո՞ւմ եք, որ մինչև ապրիլի 7-ին Մեդվեդևի այցը Հայաստան ռազմական գործողությունները կավարտվե՞ն:

Դուբնով․- Անպայման չէ մինչև նրա այցը, կարող է և այցի ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG