Միացյալ Նահանգների ամենաազդեցիկ հայկական կառույցներից մեկը առաջիկա օրերին պատրաստվում է հատուկ քայլեր ձեռնարկելու՝ ստիպելու Սպիտակ տանը խախտել տարօրինակ լռությունը: Այս մասին «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Եղիսաբեթ Չուլջյանը:
«Հստակ պասիվություն է սա, և իրականության մեջ պասիվությունը չի սկսվել այս [անցած] շաբաթավերջին, պասիվությունը սկսվեց, երբ [Ադրբեջանի] նախագահ Ալիևը այստեղ՝ Վաշինգտոնում էր, և այդ առիթը չօգտագործեց Ամերիկայի կառավարությունը, որ շատ հստակ ազդանշան ուղարկեն նախագահ Ալիևին երկու հարցի գծով․ մեկը՝ որ այլևս դադարեցնեն բռնապետությունը իրենց երկրում, և նաև դադարեցնեն հարձակումները Հայաստանի և Արցախի վրա», - ընդգծեց Չուլջյանը՝ հավելելով․ - «Ուրեմն, զարմանալի չէ, դժբախտաբար, որ արտգործնախարար Քերրին պիտի շարունակի այս տկար խոսքերը, և այստեղ է, որ Կոնգրեսը պետք է ավելի հստակ և զորավոր քայլեր ձեռնարկի»:
Ամերիկացի մի խումբ կոնգրեսականներ նախօրեին կոշտ հայտարարությամբ արձագանքել են Լեռնային Ղարաբաղում շարունակվող բռնություններին: Օրենսդիրները Միացյալ Նահանգների վարչակազմին կոչ են արել պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին բռնությունների համար և դադարեցնել Ալիևի վարչակարգին հատկացվող օգնությունը:
Կոնգրեսական Բրեդ Շերմանը, մասնավորապես, հիշեցրել է իր ու կոնգրեսական Էդ Ռոյսի նամակի մասին, որով Սպիտակ տանը կոչ էին անում օգտագործել Միջուկային գագաթնաժողովը Լեռնային Ղարաբաղում խաղաղության գործընթացին նպաստելու համար: «Փոխարենը՝ պարզվում է, որ Ալիևը նոր հարձակումներ է սկսել Ղարաբաղի դեմ», - արձանագրում է Շերմանը:
Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենը երեկ Թվիթերում կատարած գրառմամբ հիշեցրել է․ - «Ինչպես ես ասացի նախագահներ Ալիևին և Սարգսյանին, Լեռնային Ղարաբաղի խնդրի համապարփակ կարգավորումը կարևոր է կայունության, անվտանգության և բարգավաճման համար»:
Ղարաբաղի հարցը մինչ այդ էլ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարներն են քննարկել․ Ջոն Քերրին ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Նրանք «լուրջ մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի կապակցությամբ, վերահաստատելով ռազմական գործողությունների դադարեցման իրենց վճռական կոչը»: Լավրովն ու Քերրին դատապարտել են որոշ «արտաքին խաղացողների» փորձերը՝ Ղարաբաղի շուրջ հակամարտությունը խթանելու ուղղությամբ:
Ըստ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքի, Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողությունների հարցը նախարար Լավրովը նաև Գերմանիայի արտգործնախարար, ԵԱՀԿ-ի գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ է քննարկել: «Նախարարները լրջորեն անհանգստացած են ղարաբաղյան իրադրության սրման առիթով, որն արդեն հանգեցրել է բազմաթիվ մարդկային կորուստների, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում», - ասվում է պաշտոնական հաղորդագրությունում: Ըստ նույն աղբյուրի՝ Լավրովն ու Շտայնմայերը «համակարծիք են, որ տարածաշրջանային հակամարտությունը ռազմական լուծում չունի, և հանդես են գալիս զսպվածության, անհապաղ հրադադարի և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի հովանու ներքո բանակցային գործընթացի վերականգնման օգտին»:
Լեռնային Ղարաբաղում անցած հանգստյան օրերին սկսված՝ 1994-ին հրադադարի հաստատումից ի վեր աննախադեպ ռազմական գործողությունների հարցը ժամեր անց քննարկելու են նաև Վիեննայում՝ ԵԱՀԿ-ի շրջանակում: