Մատչելիության հղումներ

Շփման գծի հյուսիսում և հարավում իրավիճակը լարված է մնում


Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը, 4-ը ապրիլի, 2016թ․

Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը, 4-ը ապրիլի, 2016թ․

Ստեփանակերտում խաղաղ է, խուճապ չկա, Բաքվի սպառնալիքներն այստեղ կոշտ արձագանքի արժանացան:

Իրավիճակը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում մնում է լարված: Վերջին չորս օրերին այստեղ մարտական ակտիվ գործողությունների զոհ են դարձել մի քանի տասնյակ մարդիկ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ:

Թեժ մարտերը շարունակվում են: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ այս գիշեր էլ ադրբեջանական կողմը կիրառել է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:

Ստեփանակերտում ամեն ինչ խաղաղ է, չնայած ադրբեջանական կողմի հայտարարություններին, թե հնարավոր է՝ հենց Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքը հրետակոծվի: Քաղաքում խուճապ չկա՝ հակառակ նախօրեին սոցցանցերով և նաև մամուլով տարածված տեղեկությունների, թե Ստեփանակերտում խուճապ է, և մարդիկ տեղափոխվել են ապաստարաններ:

Ադրբեջանական կողմից «Սմերչ»-ի կիրառման մասին հայտնի դարձավ այսօր վաղ առավոտյան: Դա տեղի է ունեցել առաջնային գծի հարավային՝ Հադրութի ուղղությամբ: Պաշտպանության բանակը զոհերի կամ վիրավորների մասին չի հաղորդում:

Հիշեցնենք, նախօրեին էլ ТОС (Тяжелая огнеметная система) ծանր հրանետային համակարգեր էին օգտագործել ադրբեջանական կողմից, որը նույնպես բավական հզոր զենք է:

Ստեփանակերտում պետական կառույցները աշխատում են արտակարգ ռեժիմով, պաշտպանության նախարարության, ոստիկանության և մյուս պետական շենքերը հսկվում են զինված ոստիկանների և զինծառայողների կողմից, բայց արտակարգ դրություն չկա քաղաքում, քաղաքը բնականոն կյանքով է ապրում:

Ադրբեջանական կողմի երեկվա հայտարարությունը Ստեփանակերտի հնարավոր ռմբակոծության վերաբերյալ բավական կոշտ արձագանքի արժանացավ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում, որտեղ հայտարարեցին, որ պատրաստ են ավելի ուժեղ պատասխանի, եթե քաղաքը ռմբակոծվի:

Այս պահին իրավիճակը մնում է լարված շփման գծի հյուսիսային՝ Մարտակերտի, և հարավային՝ Հադրութի ուղղություններով, որտեղ մարտական գործողությունները դեռ ընթանում են:

Նախօրեին, հիշեցնենք, Լեռնային Ղարաբաղի հյուսիսում ադրբեջանական զինուժի անօդաչու թռչող սարքը քաղաքացիական անձանց տեղափոխող ավտոբուս է պայթեցրել, Ղարաբաղի ռազմական գերատեսչության տվյալներով՝ զոհվել է 7 մարդ:

Հովհաննես Մովսիսյան, Ստեփանակերտից

XS
SM
MD
LG