Մատչելիության հղումներ

Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդիպում Վիեննայում


ԵԱՀԿ-ի և Մինսկի խմբի համանախագահ երկրների դրոշները

ԵԱՀԿ-ի և Մինսկի խմբի համանախագահ երկրների դրոշները

Հանդիպման նախօրեին Էրդողանը վերահաստատել է Թուրքիայի ադրբեջանամետ դիրքորոշումը, Լավրովը Անկարային հորդորել է չաջակցել ահաբեկիչներին։

Այսօր Վիեննայում պետք է տեղի ունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի հանդիպումը։ ԵԱՀԿ-ն ներկայումս նախագահող պետության` Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը երեկ ասել է, որ հանդիպմանը մասնակցելու են խմբում ընդգրկված երկրների դեսպանները։

Մինսկի խմբի կազմում 11 երկիր է` Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Չեխիան, Սլովակիան, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան և համանախագող եռյակը` Ռուսաստանը, Ֆրանսիան և Ամերիկայի Միացյալ Նահանգները։

Շտայնմայերը դեռ անցած շաբաթ օրը, երբ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ծայրաստիճան սրվել է իրավիճակը, ասել է, որ խիստ անհանգստացած է բախումներով։ Նրա համոզմամբ, հակամարտության ռազմական լուծում չկա, և կողմերը պարտավոր են քաղաքական կամք դրսևորել ու վերսկսել բանակցությունները Մինսկի խմբի շրջանակում։

«Ես միանշանակ և ամբողջությամբ սատարում եմ Մինսկի խմբի համանախագահներին և նրանց աշխատանքը»,- ասել է Շտայնմայերը։

Մինչդեռ, Մինսկի խմբի անդամներից Թուրքիան հերթական անգամ դրսևորել է իր միանշանակ ադրբեջանամետ դիրքորոշումը։

ՏԱՍՍ ռուսաստանյան լրատվական գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, երեկ ելույթ ունենալով Կարմիր մահիկի թուրքական բաժնի համագումարում, ասել է, թե հավատում է, որ «Լեռնային Ղարաբաղը մի օր կվերադառնա Ադրբեջանի կազմ», հավելելով, որ Թուրքիան ի սկզբանե Ղարաբաղի հարցում աջակցել է Ադրբեջանին։

Երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում ղարաբաղյան բախումներին է անդրադարձել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք տեղեկանում ենք, որ միջադեպերը չեն դադարել։ Մենք պնդում ենք, որ Բաքվում և Երևանում լսեն Մոսկվայից, Վաշինգտոնից և Փարիզից ստացվող ազդակները, Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներն են»,- հայտարարել է Լավրովը։

Ռուսաստանի արտգործնախարարը խոսել է նաև Թուրքիայի կեցվածքի մասին։

«Չեմ կարող ասել՝ Անկարան ունի՞, թե՞ չունի որևէ դեր Լեռնային Ղարաբաղում, բայց համոզված եմ, և դա կարող եմ հստակ ու բարձրաձայն հայտարարել` բոլորի, այդ թվում Թուրքիայի ու թուրք ժողովրդի շահերից կբխի, եթե Անկարան կարողանա կենտրոնանալ ահաբեկչությանը ցուցաբերվող աջակցությունը կրճատելու վրա»,- ասել է Սերգեյ Լավրովը։

XS
SM
MD
LG