Մատչելիության հղումներ

«Անհնար է գտնել քաղաքացիական բնակչության նկատմամբ բարբարոսության որևէ արդարացում»


Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյան, արխիվ

Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյան, արխիվ

«Հայաստանը կարևորում է, որ միջազգային հանրությունը, ներառյալ մարդու և մարդասիրական իրավունքի օրակարգով գործող միջազգային կառույցները, խստագույնս դատապարտեն Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական անձանց հանդեպ կիրառվող բռնությունները: Նման ոճրագործություններ ծրագրողները և իրականացնողները պետք է ենթարկվեն արժանի պատասխանատվության»,- այսօր հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին՝ փոխարտգործնախարարը նշել է, որ ադրբեջանական գործողությունների առաջին իսկ ժամերից «միտումնավոր և անխտիր թիրախավորվել են քաղաքացիական օբյեկտները և քաղաքացիական անձինք, այդ թվում երեխաներ և տարեց մարդիկ»: Խաղաղ բնակչության թվում առաջին տուժածներից էին ադրբեջանական կրակից սպանված 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ինչպես նաև ևս երկու վիրավորված դպրոցականներ:

«Ադրբեջանը խախտում է Միջազգային մարդու և մարդասիրական իրավունքը, մասնավորապես Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, 1949թ. Ժնևյան կոնվենցիաները, 1977թ. Լրացուցիչ արձանագրությունները, Երեխաների իրավունքների մասին 1989թ. Կոնվենցիան»,- ասել է Քոչարյանը:

«Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում ադրբեջանական զինծառայողները գազանաբար խոշտանգել, խեղել և սպանել են Խալափյանների ընտանիքի երեք անդամների, որոնցից ամենատարեցը 1924 թ. ծնված Մարուսյա Խալափյանն էր: Անհնար է գտնել քաղաքացիական բնակչության նկատմամբ նման բարբարոսության որևէ արդարացում: Ադրբեջանական բանակի գործողությունները դուրս են գտնվում ոչ միայն վերոնշյալ կոնվենցիաների, պատերազմի սովորութային իրավունքի, այլ նաև որևէ քաղաքակրթության տարրական նորմերի սահմաններից»,- նաև ասել է Հայաստանի փոխարտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG