Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանը շարունակում է պնդել, որ հայկական կողմն է նախահարձակ եղել


Ադրբեջանի պաշտպանության նախարարություն

Ադրբեջանի պաշտպանության նախարարություն

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ ադրբեջանական բանակի ևս երեք զինվոր են կորցրել: Նրանք զոհվել են, երբ հայկական ուժերը փորձել են հետ գրավել կորցրած դիրքերը՝ ռմբակոծելով դրանք: Հաղորդվում է, որ ռմբակոծությունները հիմնականում տեղի են ունենում Մարտակերտ - Թարթառ և Մարտունի - Ֆիզուլի ուղղություններով:

Պաշտոնական Բաքուն պնդում է, որ ադրբեջանական զորքերի կողմից գրավված դիրքերից ոչ մեկը հետ չեն տվել:

Հաղորդվում է, որ այսօր նաև քաղաքացիական մեկ անձ է զոհվել Աղդամի շրջանի Շարիֆլի գյուղի ռմբակոծության արդյունքում:

Մինչ այս տվյալները պաշտոնապես հաղորդվել էր ադրբեջանական բանակի 12 զինծառայողների զոհվելու մասին, նրանցից երկուսը այսօր հուղարկավորվել են և անուններն արդեն նշվում են․ 30-ամյա Նովրուզով Էլման օղլի և 20-ամյա Նուրեդդին օղլի Միրզոև:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը այսօր նամակ է հղել մի շարք երկրների արտգործնախարարներին և միջազգային կազմակերպությունների ղեկավարներին: Նամակում ընդգծված է, որ հակամարտության շարունակման և իրավիճակի սրման պատճառը՝ «Հայաստանի զինված ուժերի առկայությունն է Ադրբեջանի օկուպացված տարածքներում»:

«Քաղաքացիական բնակչության անվտանգությունը ապահովելու և Հայաստանի զինված ուժերի սադրանքները կանխելու նպատակով Ադրբեջանը դիմել անհրաժեշտ քայլերի», - գրել է Մամեդյարովը:

Այսօր ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարարությունն էր հանդես եկել հերթական հայտարարությամբ՝ իրավիճակի ու հետագա գործողությունների պատասխանատվությունը դնելով Հայաստանի վրա:

Ադրբեջանը պնդում է, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը հայկական կողմն է նախահարձակ եղել, իսկ իրենք անցել են հակագրոհի: Պաշտոնական Բաքուն հաղորդում է հայկական կողմին պատճառված կորուստների մասին, իսկ սեփական կորուստների մասին հաղորդում է, որ այսօրվա դրությամբ 15 զինծառայող է կորցրել, Մի-24 ուղղաթիռ և ականի վրա պայթած մեկ տանկ: Հայկական կողմը Ադրբեջանի հայտնած այս տվյալները համարում է իրականությանը չհամապատասխանող քարոզչություն:

XS
SM
MD
LG