Մատչելիության հղումներ

Ռազմական փոխօգնության պայմանագիրը «կարող է հիմք հանդիսանալ ԼՂ ճանաչման համար»


Նախագահ Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ, 4-ը ապրիլի, 2016թ.

Նախագահ Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ, 4-ը ապրիլի, 2016թ.

Սերժ Սարգսյանը հրահանգել է Արտաքին գործերի նախարարությանը՝ աշխատել Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ:

«Եթե ռազմական գործողությունները շարունակվեն և ստանան լայնածավալ մասշտաբ, Հայաստանի Հանրապետությունը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը», - Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) անդամ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ այսօր հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը որպես 1994 թվականի զինադադարի համաձայնագրի կողմ, շարունակելու է լիարժեքորեն կատարել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման իր պարտավորությունները:

Սերժ Սարգսյանը նաև տեղեկացրել է, որ արդեն հրահանգել է Արտաքին գործերի նախարարությանը՝ աշխատել Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ:

«Այս փաստաթուղթը հետագայում կարող է հիմք հանդիսանալ նաև Հայաստանի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչման համար», - «Ազատության» հետ զրույցում նշեց Դաշնակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Առայժմ, սակայն, Վարդանյանի համոզմամբ, ճիշտ է Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագրի կնքումը․ - «Մենք այս փուլում առաջնահերթ ենք համարում իրավաքաղաքական հիմքի ստեղծումը՝ ռազմական փոխօգնության պայմանագրի կնքումը, որը դեռևս ճանաչում չէ և բանակցային գործընթացին չի կարող խանգարել: Բայց դա հնարավորություն է, որ Հայաստանը միջազգայնորեն իր վրա պարտավորություն ունենա և իրավաքաղաքական հիմք ունենա»:

Նա համաձայնեց դիտարկմանը, որ կնքվելիք պայմանագրով հիմք կստեղծվի Լեռնային Ղարաբաղի ճանաչման համար․ - «Ինչ-որ առումով այդպես: Բայց այս փուլում սա հնարավորություն կտա Հայաստանին բացճակատ, մինչև վերջ կանգնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և պետականության կողքին»:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, մինչդեռ, կարծում է, որ Հայաստանը հենց այսօր պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, քանի որ Ադրբեջանը դուրս է եկել բանակցային գործընթացից․ - «Աշխարհն արդեն ընդունում է, որ այս պատերազմը վերսկսել է Ադրբեջանը, դրանով իսկ նա [Ադրբեջանը] հրաժարվել է 1994 թվականի համաձայնագրերից, փաստացի իրեն դուրս է բերել բանակցային գործընթացից: Եթե դուրս է բերել, սա պետք է լինի համարժեք պատասխանը: Մինչ այդ մեզ ասում էին մի ճանաչեք, որովհետև դա հրաժարում կլինի բանակցային գործընթացից: Բայց արդեն բանակցային գործընթաց լինել չի կարող, որովհետև Ադրբեջանը չկա այդ գործընթացում, Ադրբեջանը իրեն գտել է պատերազմի մեջ»:

Հարցին, թե արդյոք Ազգային ժողով ներկայացվելիք համաձայնագիրը (Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ռազմական փոխօգնության մասին) կարելի է դիտարկել որպես քայլ դեպի Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչում, Բագրատյանը պատասխանեց․ - «Կարող ենք դիտարկել: Բայց կարելի է միանգամից ճանաչել»:

Իսկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի համոզմամբ, ԼՂ անկախության ճանաչումը նպաստավոր չի լինի և՛ Ղարաբաղի, և՛ Հայաստանի համար․ - «Ճանաչման ակտը Հայաստանի կողմից կընկալվի միջազգային հանրության կողմից որպես մարտահրավեր միջազգային հանրությանը, ըստ էության հայտարարություն նրա մասին, որ Հայաստանը այլևս Մինսկի խմբի համանախագահության ֆորմատում բանակցությունները համարում է ավելորդ»:

Ի պատասխան հարցին, թե արդյոք ռազմական գործողություններ սկսելով Ադրբեջանն իրեն արդեն դուրս չի դրել բանակցային գործընացից, Լևոն Զուրաբյանն ասաց, թե նախ և առաջ նման գնահատական պետք է տա Մինսկի խումբը:

Ընդդիմադիր պատգամավորը պնդեց, թե իշխանությունը նաև պետք է լուրջ փաստարկներ ներկայացնի Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու անհրաժեշտության վերաբերյալ: Առայժմ իրենք այդ հիմնավորումները չեն տեսնում․ - «Բոլոր անհրաժեշտ օգնությունները, որ հնարավոր է տրամադրել Լեռնային Ղարաբաղին, առանց այդ պայմանագրի էլ տրամադրվում են, և ի՞նչն է այդ դեպքում պայմանագրի անհրաժեշտությունը: Իսկ միջազգային հանրությունը երբևիցե Հայաստանին մեղադրե՞լ է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղին օգնություն է տալիս առանց ստորագրելու պայմանագիր: Ոչ: Նման մեղադրանք այդ հիմքով երբեք չի հնչել, ուստի դեռ պետք է հասկանալ, թե ինչու են իշխանությունները խոսում նման պայմանագրի անհրաժեշտության մասին, և հասկանալ, թե որոնք են այն հիմնավորումները, որոնք իսկապես մեզ կհամոզեին, որ նման պայմանագիրը պետք է ընդունել»:

Հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Ազատության» հետ զրույցում փոխանցեց, որ քննարկումներ է ունեցել խորհրդարանական բոլոր խմբակցությունների հետ, և որևէ մեկը դեմ չի արտահայտվել այդ համաձայնագրին: Նա հավելեց, որ պայմանագրի տեքստը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունների կողմից մշակվելուց հետո կուղարկվի Ազգային ժողով:

«Վաղը ունենք աշխատանքային խորհրդակցություն նիստերից հետո, ես արդեն հրավիրել եմ, փակ ֆորմատով, որին կմասնակցեն թե՛ Արտգործնախարարության, թե՛ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները», - փոխանցեց Շարմազանովը:

Նա նույնպես համարում է, որ կնքվելիք պայմանագիրը կարող է հիմք հանդիսանալ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման համար: Ավելին․ - «Նաև այդ պայմանագիրը կարող է հիմք հանդիսանալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման համար: Մեր նպատակը Արցախի միջազգային ճանաչումն է, և մենք ուշ թե շուտ հասնելու ենք դրան»:

XS
SM
MD
LG