Մատչելիության հղումներ

Խորհրդարանն այսօր իր աշխատանքները սկսեց սահմանային վերջին լարվածությունների հետևանքով զոհվածների հիշատակը հարգելով:

Այնուհետև փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի կողմից իրավիճակի լարումը դատապարտող Ազգային ժողովի հայտարարությունը․ - «Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությունը լուրջ սպառնալիք է ողջ տարածաշրջանային անվտանգության համար: Դատապարտում ենք Ադրբեջանի կողմից 1994 թվականի զինադադարի պայմանագրի խախտումը, Արցախի ժողովրդի խաղաղ ապրելու իրավունքի ոտնահարումը, քաղաքացիական բնակչության և բնակավայրերի թիրախավորումը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջազգայնորեն ընդունված ձևաչափով հիմնախնդրի լուծմանն ուղղված ջանքերի նպատակային ձախողումն ու մերժումը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ռազմական ճանապարհով լուծելու քաղաքականությունը»:

Հայաստանի խորհրդարանի հայտարարության տեքստում կոչ կա՝ ուղղված միջազգային կազմակերպություններին ու ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդներին․ - «Հասցեական և համարժեք արձագանքել ստեղծված իրավիճակի համար պատասխանատու ադրբեջանական կողմին՝ կիրառելով ագրեսորի նկատմամբ զսպման բոլոր մեխանիզմները՝ լարվածության հետագա սրացումից և տարածաշրջանը ապակայունացնող քայլերից խուսափելու համար»:

Իշխանությունն ու ընդդիմությունը միակարծիք են՝ Ադրբեջանն ագրեսոր է:

Էդմոն Մարուքյանն առաջարկեց Ադրբեջանի դեմ իրավական գործընթաց սկսել․ - «Պատերազմական հանցագործություններ են տեղի ունենում: Ես կոչ եմ անում մասնագետներին համախմբել և Ադրբեջանի իշխանությունների դեմ Միջազգային քրեական դատարանում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով կամ այլ ձևերով միջազգային քրեական գործ հարուցելու համար»:

Տիգրան Ուրիխանյանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ դիմելու կողմնակից է: «Որպեսզի Միավորված Ազգերը վերջապես միահամուռ քննարկեն ադրբեջանական զինվորի կողմից հայ երեխայի ոչնչացումը և մեծահասակ խաղաղ բնակիչների ականջ կտրելն ու նրանց սպանելը», - փաստարկեց պատգամավորը:

Զարուհի Փոստանջյանը («Ժառանգություն») անհրաժեշտ է համարում հարցը բարձրացնել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ)․ - «Ընդհուպ մինչև Ադրբեջանի անդամակցության դադարեցումը Եվրոպայի խորհրդին: Երբ նա անդամակցում էր Եվրոպայի խորհրդին, ունի հստակ պարտավորություն՝ ագրեսիսյի և ուժի բանեցումից զերծ մնալու: Տվյալ պարագայում նա խախտել է, և դրա ապացույցն էլ կա․ իր դեսպանը հայտնել է այդ մասին Ռուսաստանի Դաշնությունում»:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը (ՀՀԿ) արձագանքեց․ - «Տեղի է ունեցել ՀՀ նախագահ, Գլխավոր գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Ազգային անվտանգության խորհրդի նիստը, և տրվել են համապատասխան հանձնարարություններ Արցախի և Հայաստանի ռազմաքաղաքական հարաբերությունների և այդ հարաբերությունների կանոնակարգման և փաստաթղթավորման վերաբերյալ: Գործողությունները, որոնց անհրաժեշտությունը ծագելու է և օրինաչափ է լինելու, քայլ առ քայլ իրագործվելու են: Այնպես որ, այն ամենը, ինչ որ մենք կհամարենք տեղին և անհրաժեշտ, նաև ձեր մասնակցությամբ շարունակվելու է»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանին զայրացրել է Վեհաժողովի ղեկավար Պեդրո Ագրամունտի երեկվա հայտարարությունը․ - «Այդ հայտարարությունը արվել է այն բանից հետո, երբ ընդամենը մեկ օր գտնվելով ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ, Թալիշ գյուղում մնացած խաղաղ բնակիչները խոշտանգվել են և սպանվել են: Դրանից հետո Պեդրո Ագրամունտը իր համերաշխությունն է հայտնում Ալիևի ռեժիմին: Ագրամունտը քառասունյոթ երկրների խորհրդարանների վեհաժողովի նախագահ է՝ այդ թվում նաև Հայաստանի: Ես առաջարկում եմ, որպես սկիզբ դիմել հստակ նոտայով Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակ»:

Խորհրդարանի համատեղ հայտարարությունն ընթերցած Շարմազանովը շնորհակալություն հայտնեց քաղաքական ուժերին համախմբվելու համար․ - «Չկա ընդդիմություն և իշխանություն: Մենք բոլոր քույրեր և եղբայրներ ենք, մենք պետք է կարողանանք այս դժվարությունից դուրս գալ և մնալ քույրեր և եղբայրներ»:

Նախկին արտգործնախարար, ՀՀՇ-ն ներկայացնող Ալեքսանդր Արզումանյանը ևս կարևորեց միասնությունը․ - «Ինչպիսի բարձր աստիճանի քաղաքացիական գիտակցություն է ցուցաբերում ողջ սպեկտրը քաղաքական դաշտի, և մեր ազատամարտիկները, հասարակ քաղաքացիները, որոնք հստակ պատգամ են ուղարկում Ադրբեջանին, որ երբևէ որևէ մեկի մտքով չպետք է անցնի, որ մենք կարող է ունենանք ներքին տարաձայնությունները, քաղաքական տարբեր մոտեցումներ, բայց երբ վտանգված է մեր հայրենիքը, մեզանում որևէ տարակարծություն չի կարող լինել»:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ անկախ գործող իշխանության հետ ունեցած հակասություններից, իրենք պատրաստ են միավորվել ագրեսիան հետ մղելու գործում․ - «Հայկական բանակը այսօր հերոսական մարտեր է վարում ռազմաճակատում, և մեր բոլորիս պարտքն է զորակցություն հայտնել մեր մարտիկներին, ամբողջ բանակին, ինչպես նաև սահմանամերձ խաղաղ բնակչությանը»:

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ստեղծված իրավիճակը պատգամավորներն առաջիկայում կքննարկեն նաև Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչների հետ փակ հանդիպման ընթացքում: Նման փակ հանդիպում կազմակերպելու առաջարկով հանդես եկան ընդդիմադիր պատգամավորները, և խորհրդարանական մեծամասնությունն անմիջապես ընդունեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG