Մատչելիության հղումներ

Ֆելգենգաուեր․ Կարելի է ենթադրել, որ Բաքուն է նախաձեռնողն այս պատերազմի


Ռուսաստանցի փորձագետ Պավել Ֆելգենգաուեր, արխիվ

Ռուսաստանցի փորձագետ Պավել Ֆելգենգաուեր, արխիվ

Ռուսաստանցի փորձագետի կարծիքով՝ ղարաբաղյան շփման գծում իրավիճակի սրման հեղինակը ոչ Մոսկվան է և ոչ էլ Անկարան:

Ռուսաստանցի ռազմական հարցերով փորձագետ Պավել Ֆելգենգաուերի կարծիքով՝ այն, որ Ադրբեջանի միակողմանի հրադադար է հայտարարել, ամենևին էլ չի նշանակում, որ Բաքուն այլևս չի դիմելու ռազմական գործողությունների․ այդպես հաճախ է լինում գրեթե բոլոր հակամարտությունների ժամանակ:

Այսօր կողմերի համար կարևոր է միջազգային հանրությանը համոզել, որ իրենք չեն սկսել այդ գործողությունները, քանի որ լուրջ ճնշում կա Բաքվի և Երևանի վրա բոլոր մայրաքաղաքներից՝ Մոսկվայից, Վաշինգտոնից, Նյու Յորքից՝ ՄԱԿ-ից, ասում է փորձագետը: Ըստ նրա, սա է պատճառը, որ պաշտոնական Բաքուն նման հայտարարություն է արել, և այս հայտարարությունը ոչինչ չի նշանակում:

Այս պահի դրությամբ, Ֆելգենգաուերի խոսքով, ռազմական գործողությունները դեռ ընթանում են ընդհանուր առմամբ շփման գծում, այսինքն՝ խոսքը դեռ լայնածավալ պատերազմի մասին չէ: Իսկ թե կվերածվի այն լայնածավալ և ավելին՝ տարածաշրջանային պատերազմի, դժվար է ասել, թեև, իհարկե, նման վտանգ կա, ասաց ռուսաստանցի փորձագետը: Նրա կարծիքով՝ եթե լինի նման պատերազմ, ներգրավված կլինեն և՛ Անկարան, և՛ Մոսկվան:

Միջազգային հանրության համար այսօր միանշանակ պարզ չէ, թե ով է սկսել այս պատերազմական գործողությունները: Քանի որ Ադրբեջանը որոշ հարձակողական գործողություններ է սկսել, կարելի է ենթադրել, որ Բաքուն է նախաձեռնողն այս դեռ ոչ լայնածավալ պատերազմի, ընդգծեց Ֆելգենգաուերը:

Ինչ վերաբերում է պաշտոնական Մոսկվայի դերակատարությանը, ռուսաստանցի փորձագետն ասում է, որ Մոսկվան չէ հեղինակն այս սրման, ավելին՝ Անկարան էլ հավանաբար նախաձեռնողի դերում չէ: Նրա կարծիքով՝ հիմնական դերակատարները Բաքուն ու Երևանն են, պատճառներն էլ ներքաղաքական տիրույթում են:

«Ինձ, օրինակ, երեկ Ուկրաինայից են զանգահարել և հարցրել՝ Մոսկվա՞ն է կազմակերպել, ես պատասխանել եմ՝ ոչ, որքանով ես եմ հասկանում՝ ոչ», - նշեց Պավել Ֆելգենգաուերը:

Մյուս կողմից, ասում է փորձագետը, Մոսկվան, իհարկե, կօգտվի այս առիթից և կփորձի է՛լ ավելի ուժեղացնել իր դերակատարությունը Հարավային Կովկասում:

XS
SM
MD
LG