Մատչելիության հղումներ

Հայկական կողմը հաղորդում է ճակատում նոր հաջողությունների, առաջխաղացման մասին


ԼՂ ՊԲ զինծառայողը Մարտակերտի մատույցներում, 3-ը ապրիլի, 2016թ․

ԼՂ ՊԲ զինծառայողը Մարտակերտի մատույցներում, 3-ը ապրիլի, 2016թ․

Հայաստանի ՊՆ խոսնակի վկայությամբ՝ հայկական ստորաբաժանումները առավոտյան ևս երեք տանկ են խոցել:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ականանետերից ու հրանոթներից շարունակել է արկակոծել Պաշտպանության բանակի առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը:

«Առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում առավել ինտենսիվ հրետակոծություններ են սկսվել շփման գոտու հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով: Ադրբեջանական բանակը կիրառում է 152 միլիմետրանոց հրանոթներ, «Գրադ» կայանքներ և տանկեր: Հակառակորդի ագրեսիվ գործողությունները ճնշելու ուղղությամբ ՊԲ առաջապահ ուժերը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները և վստահաբար իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրները», - ասված է հաղորդագրությունում:

Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, իր հերթին, հայտնում է, որ առավոտյան մարտերում հայկական ստորաբաժանումները ևս երեք տանկ են խոցել:

Ուշ երեկոյան էլ հայկական կողմը հաղորդել էր հյուսիսային ուղղությամբ Պաշտպանության բանակի առաջխաղացման մասին:

Ադրբեջանական զինուժի կողմից գնդակոծվում են հիմնականում Մարտակերտ քաղաքը և մերձակա գյուղերը, հատկապես ինտենսիվ են գնդակոծվում Թալիշը և Մատաղիսը: Երեկ Լեռնային Ղարաբաղի վարչապետի մամլո խոսնակ Արտակ Բեգլարյանը հայտնեց, որ այս երկու գյուղերից քաղաքացիական անձինք հիմնականում տարհանվել են, հենց այս գյուղերի հարևանությամբ են գտնվում նաև զորամասեր:

Պաշտպանության բանակի մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը առավոտյան «Ազատությանը» տեղեկացրեց, որ Մարտակերտը տվյալ պահին էլ պարբերաբար գնդակոծվում է, նաև ասաց, որ իրավիճակը երեկվա համեմատ չի փոխվել՝ նույն չափով են կրակում ադրբեջանական կողմից, և հայկական կողմն էլ պատասխանում է կրակոցներին:

Սյունեցի ազատամարտիկները ժամանում են Ստեփանակերտ, 3-ը ապրիլի, 2016թ․

Սյունեցի ազատամարտիկները ժամանում են Ստեփանակերտ, 3-ը ապրիլի, 2016թ․

Կիրակի ուշ երեկոյան Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ ժամանեցին Հայաստանի Սյունիքի մարզից մոտ 250 զինված ազատամարտիկներ, երկրապահ կամավորականներ, նրանց ընդունեց Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը, ով հայտարարեց, որ Ղարաբաղում մասնակի զորահավաք է եղել, նաև ասաց, որ ղարաբաղցի ազատամարտիկները արդեն դիրքերում են:

Սյունեցի ազատամարտիկներին և երկրապահներին ուղեկցում էր նաև Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Նա «Ազատության» հետ զրույցում ասաց, որ շատերն էին ցանկանում գալ, բայց առայժմ այսքանն են եկել:

Սպասվում է, որ նոր խմբեր պետք է ժամանեն Ստեփանակերտ:

Պաշտպանության բանակի հետ համակարգելով՝ ազատամարտիկները պարզում են, թե որ խումբը որ ուղղությամբ պետք է գնա, և ցուցումներ են ստանում ՊԲ-ից:

Երեկ ուշ երեկոյան Պաշտպանության բանակից լուրեր տարածվեցին, որ հյուսիսային ուղղությամբ մի շարք դիրքեր են ազատագրել: Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարը երեկ «Ազատությանը» տեղեկացրել էր, որ մի շարք փոքր դիրքերում ադրբեջանցիները առաջխաղացում էին ունեցել, որոնք էլ, ամենայն հավանականությամբ, ազատագրվել են:

Պաշտպանության բանակը ուշ երեկոյան նաև հերքեց ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվությունը հայկական Զինված ուժերի անօդաչու թռչող սարքի խոցման մասին: Սենոր Հասրաթյանը ասաց, որ այդ անօդաչու թռչող սարքը հայկական կողմն է խոցել, պարզապես՝ սահմանին մոտ հատվածում, և այն ընկել է Ադրբեջանի տարածքում: Մեկ այլ նմանատիպ սարք էլ հայկական ուժերը արդեն ժամեր առաջ էին խոցել, և փաստորեն նույն օրը 2 անօդաչու սարք է խոցվել: Երեկ Պաշտպանության բանակի կողմից ադրբեջանական զինուժի ևս 6 տանկ էր խոցվել, և այս օրերին կործանված ադրբեջանական տանկերի թիվը հասավ առնվազն 18-ի, անօդաչու թռչող սարքերինը՝ 4-ի, շաբաթ օրը հաղորդվել էր նաև 2 ադրբեջանական մարտական ուղղաթիռի կործանման մասին:

Այսօր առավոտյան Ստեփանակերտում հանգիստ է, իրավիճակը վերահսկելի է, այստեղ կրակոցներ չկան, կրակոցների, գնդակոծությունների ձայներ չեն լսվում:

Հովհաննես Մովսիսյան, Ստեփանակերտից

XS
SM
MD
LG