Մատչելիության հղումներ

ԿԽՄԿ-ն պատրաստ է աջակցել և հանդես գալ որպես միջնորդ


Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) մտահոգված է Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով ընթացող հակամարտության և 2016 թվականի ապրիլի 2-ին իրավիճակի խիստ վատթարացման հումանիտար հետևանքներով: Երկու կողմերում արձանագրվել են զոհեր, այդ թվում` քաղաքացիական բնակչության շրջանում:

«Մենք պատրաստ ենք աջակցել և սատարել հակամարտության վերջին լարվածության հետևանքով տուժած անձանց և հանդես գալ որպես չեզոք միջնորդ»,- ասել է ԿԽՄԿ տարածաշրջանային գործառնությունների ղեկավար Պատրիկ Վիալը: «Հակամարտության բոլոր կողմերը պարտավորություն են կրում հարգելու միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Այդ նորմերի համաձայն` կողմերը պետք է ապահովեն քաղաքացիական բնակչության և շինությունների պաշտպանվածությունը», - ավելացրել է Վիալը:

ԿԽՄԿ-ն այս տարածաշրջանում գործում է 1992 թվականից ի վեր՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ: Բաքվում և Երևանում գտնվող իր պատվիրակությունների և Լեռնային Ղարաբաղում գտնվող առաքելության միջոցով ԿԽՄԿ-ն աջակցում է շփման գծի երկայնքով և Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջազգային սահմանին ապրող բնակչությանը: Բացի այդ, ԿԽՄԿ-ն աշխատում է անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու, նրանց ընտանիքներին սատարելու ուղղությամբ, ինչպես նաև այցելում է ազատազրկված անձանց և հանդես է գալիս որպես չեզոք միջնորդ՝ աջակցելով սահմանի երկու կողմերում և շփման գծում գերեվարված անձանց տեղափոխմանն ու հայրենադարձմանը, նշված է Երևանում ԿԽՄԿ-ի պատվիրակության տարածած հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG