Մատչելիության հղումներ

ՀՀ ՊՆ խոսնակ. Այսօր երեկոյան կհրապարակվեն զոհված զինվորների անունները


Արծրուն Հովհաննիսյան

Արծրուն Հովհաննիսյան

Զոհերի թվի մասին նոր տվյալներ դեռ չեն հաղորդվում։

Այսօր երեկոյան կհրապարակվեն զոհված զինվորների անունները, «Ազատության» -ը փոխանցեց Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Մինչև այսօր երեկոյան մենք կունենանք որոշակի տվյալներ», - ասաց Հովհաննիսյանը։

Երեկ նախագահ Սերժ Սարգսյանն հայտնեց հայկական կողմի18 զոհի և 35 վիրավորի մասին: Այսօր հայտարարվեց ևս երկու վիրավորի մասին. ըստ պաշտոնական տեղեկատվության, երկու զինվոր վիրավորվել է, երբ լուսադեմին հակառակորդի կողմից ձեռնարկված հրետակոծությանն ի պատասխան Պաշտպանության բանակի ստորաբաժանումներն անցել են հակազդիչ գործողությունների և Թալիշի ուղղությամբ վերագրավել երեկ ադրբեջանական ուժերի գրաված մարտավարական կարևոր նշանակության հենակետը:

Հակառակորդը, ըստ Ղարաբաղի ռազմական գերատեսչության, հայտնում է 12 զոհի մասին, թեև հայկական կողմը պնդում է, որ ադրբեջանական կողմի զոհերի թիվն անցնում է 200-ից:

Վերջին երկու օրերին ադրբեջանական բանակը կորցրել է 15 տանկ և 5-ից ավելի այլ զրահատեխնիկա: Ղարաբաղյան բանակը հաստատում է իր մեկ տանկի կորուստը: «Պաշտպանության բանակի ստորաբաժանումները շարունակում են, տիրելով օպերատիվ իրավիճակին և նախաձեռնությանը, հակահարձակվողական գործողություններ իրականացնել», - ասաց Հովհաննիսյանը։

Լեռնային Ղարաբաղը հերքում է նաև Ադրբեջանի հայտարարությունը՝ ռազմական գործողությունները միակողմանի դադարեցնելու վերաբերյալ՝ ապատեղեկատվություն որակելով այն և հավելում՝ «Ղարաբաղի պաշտպանության բանակը պատրաստ է ընդառաջել և քննարկել կրակի դադարեցման մասին առաջարկը՝ նախնական դիրքերի վերականգնման համատեքստում»: Սակայն, թե ինչ դիրքերի մասին է խոսքը, հաղորդագրությունը և հայկական կողմը դեռ չեն մասնրամասնում:

«Այն դիրքերի, որոնց համար մարտեր են մղվում։ Օպերատիվ իրավիճակն այնքան ճկուն է ու այնքան արագ է փոփոխվում, որ հիմա հստակ ասել, թե քանի դիրք է, որտեղ է, ինչ է, չի կարելի։ Դիրքը պետք չէ պատկերացնել մի ամբողջ 1000 քառակուսի մետր, դրանք մարտական հենակետեր են, որոնցով անցնում է սահմանը», - ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

XS
SM
MD
LG