Մատչելիության հղումներ

logo-print

Լեռնային Ղարաբաղը հակադարձում է՝ «շփման գծում հակառակորդն իր անզորությունը փորձում է պարտակել խաղաղ բնակիչների արկակոծումներով»:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե ադրբեջանական զինված ուժերն «ամենակործանիչ հարվածներն են հասցրել հայկական զորքերին՝ 1994 թվականից ի վեր»: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը:

«Ես կարծում եմ՝ ապրիլի 2-ը լավ դաս կլինի նրանց համար»,- գործակալության փոխանցմամբ, Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ասել է Ալիևն ու շարունակել՝ «Եթե հայ զինվորները չեն ուզում մահանալ, պետք է լքեն Ադրբեջանի հողը: Մենք չենք զավթում ուրիշի հողը»: Ալիևը հերթական անգամ հայկական կողմին մեղադրել է «զավթած տարածքներում ադրբեջանական պատմական և կրոնական հուշարձաններն ավերելու» մեջ, վերհիշել է նաև «Խոջալուի դեպքերը»:

Ըստ «Ինտերֆաքս»-ի, Ադրբեջանի ղեկավարը նաև ասել է, թե հակված են հակամարտության խաղաղ կարգավորմանը, սակայն, մտադիր չեն գնալ «բանակցությունների՝ հանուն բանակցությունների»: «Մենք չենք ուզում, որ Ադրբեջանի և Հայաստանի մայրերը լաց լինեն իրենց մահացած որդիների համար: Բայց մենք պահանջում ենք մեր իրավունքները»,- ասել է Ալիևը:

Ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունն էլ փոխանցում է, որ երեկ կայացած՝ Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Իլհամ Ալիևը, «սադրանքի» մեջ մեղադրելով հայկական կողմին, հայտարարել է՝ «այդ սադրանքը մեր բանակից ստացել է արժանի պատասխան, թշնամին ցնցված է ստացած հարվածից»: Նույն աղբյուրի հաղորդմամբ, Ալիևը նաև հայտարարել է, թե ադրբեջանական կողմին «հաջողվել է գրավել առավել ձեռնտու դիրքեր»: Ավելին՝ Ադրբեջանի ղեկավարը խոսել է ոչ միայն «դիրքերի ամրապնդման», այլև «պատերազմական հաղթանակի» մասին: «Սրանից հետո թշնամու ոչ մի սադրանք անպատասխան չի մնա, թշնամին կստանա արժանի հակահարված», - ադրբեջանական կայքի փոխանցմամբ, ասել է Իլհամ Ալիևը:

Երեկ Հայաստանի նախագահի նստավայրում հրավիրված Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Ադրբեջանի զինված ուժերի «սադրիչ գործողությունների» հետևանքով, հայկական կողմը, երեկվա դրությամբ, ունեցել է 18 զոհ և 35 վիրավոր: «Ադրբեջանի զինված ուժերը սադրիչ գործողություններ են ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով: Սրանք 1994 թվականի զինադադարի հաստատումից հետո ամենախոշորամասշտաբ գործողություններն են, որ փորձեցին և հիմա էլ փորձում են իրականացնել Ադրբեջանի Զինված ուժերը»,- ասել էր Սերժ Սարգսյանը:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության այսօր տարածած վերջին հաղորդագրության համաձայն, «Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը տակավին մնում է լարված: Առավել ուժգին բախումներ են տեղի ունենում մարտագծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններում»:

«ՊԲ ստորաբաժանումները Թալիշի ուղղությամբ հակառակորդին հասցնում են կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծ կորուստներ: Հաստատված տվյալներով, այս հատվածում ադրբեջանական զինուժը կորցրել է 3 տանկ: Հիշեցնենք, որ ևս 2 տանկ և 1 ՀՄՄ հակառակորդն այսօր կորցրել էր հարավարևելյան ուղղությամբ: Ընդհանուր առմամբ, երեկ և այսօր՝ ադրբեջանական բանակը կորցրել է 14 տանկ և 5-ից ավելի այլ զրահատեխնիկա, այդ թվում՝ հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ): Ղարաբաղյան բանակը տվել է 1 տանկի կորուստ:

Մարտագծի հարավարևելյան ուղղությամբ ևս ընթանում են դիրքային թեժ մարտեր: Հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդն իր անզորությունը փորձում է պարտակել խաղաղ բնակիչների, մասնավորապես, Մարտակերտ քաղաքի վրա ՄՄ-21 ("Գրադ") հրթիռահրետանային կայանքից և 152 միլիմետրանոց հրետանային միջոցներից իրականացվող արկակոծումներով»,- հաղորդում է ԼՂ պաշտպանության նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG