Մատչելիության հղումներ

Ստեփանակերտը հերքում է Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը


Դավիթ Բաբայան, ԼՂ նախագահի խոսնակ, արխիվ
Դավիթ Բաբայան, ԼՂ նախագահի խոսնակ, արխիվ

Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր ռազմական գործողությունները «միակողմանիորեն» դադարեցնելու մասին:

Լեռնային Ղարաբաղի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը «Ազատության» հետ զրույցում հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը:

«Ազատություն» - Պարոն Բաբայան, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե միակողմանիորեն դադարեցրել է ռազմական գործողությունները՝ հաշվի առնելով միջազգային հանրության հորդորները: Սա իրականությանը համապատասխանու՞մ է:

Դավիթ Բաբայան - Վերջին 24 ժամվա ընթացքում Ադրբեջանը պաշտոնապես երկու անգամ հայտարարել է, որ դադարեցնում է ռազմական գործողությունները, երկու անգամն էլ այդ հայտարարությունները ընդհանրապես իրականության հետ որևէ կապ չեն ունեցել: Հայտարարում է, բայց շարունակում է ռազմական գործողությունները: Սա իրենց ապրելակերպն է: Բնական է, որ նման հայտարարությունը միմիայն հետապնդում է միջազգային հանրությանն ու սեփական՝ ադրբեջանական հանրությանը մոլորության մեջ գցելու նպատակ: Իրականությունը լրիվ տարբեր է: Գրոհները շարունակվում են, որոնք հետ են մղվում: Շարունակվում են գնդակոծությունները:

«Ազատություն» - Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը տեղեկություն է տարածել այն մասին, որ ոչնչացվել է մեկ հայկական տանկ, ի՞նչ տեղեկություն կարող եք փոխանցել, կա՞ն զոհեր:

Դավիթ Բաբայան - Այդ տեղեկությունները կարող է հայտնել միայն պաշտպանության նախարարությունը: Կարող եմ ասել միայն, որ մենք անում ենք ամեն ինչ և վստահորեն վերահսկում ենք մեր սահմանը:

«Ազատություն» - Ռազմական գործողությունները շարունակվու՞մ են:

Դավիթ Բաբայան - Հենց այս պահին այդ գործողությունները շարունակվում են, շարունակվում է Ադրբեջանի կողմից զինադադարի ռեժիմի խախտումը, հիմնականում հարավային, նաև հյուսիսային ուղղություններով: Ամենաթեժ հատվածները դրանք են, բայց, կարելի է ասել՝ ռազմական գործողությունները շարունակվում են ողջ երկայնքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG