Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի նախագահը շեշտում է՝ չի կարող լինել բանակցայինից զատ այլ լուծում։

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարությամբ է հանդես եկել՝ խորին ափսոսանք հայտնելով ղարաբաղյան շփման գծում վերջին լուրջ միջադեպերի կապակցությամբ, որոնք մեծաթիվ մարդկային զոհերի պատճառ են դարձել, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում։

Ելիսեյան պալատի պաշտոնական կայքէջում շաբաթ երեկոյան տեղադրված հայտարարությունում Ֆրանսիայի նախագահը ընդգծում է, որ սրանք ամենալուրջ և մահաբեր իրադարձություններն են 1994 թվականին հրադադարի հաստատումից ի վեր, հիշեցնելով, որ այդ ժամանակ ղարաբաղյան հակամարտության հետևանքով արդեն շուրջ 30 հազար մարդ էր զոհվել։

Օլանդը կողմերին մեծագույն զսպվածության և հրադադարի անհապաղ, լիակատար ու տևական պահպանման կոչ է անում՝ շեշտելով իրավիճակի լիցքաթափման բացարձակ անհրաժեշտությունը։

«Չի կարող լինել բանակցայինից զատ այլ լուծում։ Հանրապետության նախագահը, ով 2014 թվականի հոկտեմբերին Փարիզում ընդունել էր Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին, վերահաստատում է իր հանձնառությունը՝ միտված ամենակարճ ժամկետներում խաղաղ կարգավորմանը», - ասված է Ելիսեյան պալատի հայտարարությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG