Մատչելիության հղումներ

Էրդողան. «Մինչև վերջ շարունակելու ենք հնարավորինս աջակցել Ադրբեջանին»


Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողան

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողան

Թուրքիայի նախագահը մեղադրել է Մինսկի խմբին և ասել, որ ադրբեջանցի եղբայրների համար Ալլահից օգնություն է խնդրում։

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգում թուրք-ամերիկյան մշակութային կենտրոնի բացման ժամանակ, պատասխանելով ադրբեջանցի մի լրագրողի հարցին, անդրադարձել է հայ-ադրբեջանական շփման գծում ընթացող մարտերին: Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը:

«Ցավոք, տարիներ շարունակ օկուպացիայի տակ գտնվող Լեռնային Ղարաբաղում ընթացող պայքարը Մինսկի խմբի կողմից լուրջ չի ընդունվել, այդ պատճառով էլ այսօր նման պատկերի ենք ականատես դառնում: Եթե Մինսկի խումբը այս հարցում արդարացի, վճռական կերպով գործեր և արդյունավետ քայլեր ձեռնարկեր, այս օրին չէին հասնի: Սակայն, ցավոք, Մինսկի խմբի թուլության հետևանքով իրավիճակը այս կետին է հասել: Մեր ադրբենջացի եղբայրների համար Ալլահից օգնություն եմ խնդրում»,- ասել է Էրդողանը:

Պատասխանելով ստեղծված իրավիճակում Թուրքիայից Ադրբեջանի ակնկալած աջակցության մասին հարցին` Էրդողանը ասել է.- «Մենք մինչև վերջ շարունակելու ենք հնարավորինս աջակցել Ադրբեջանին»:

«Անադոլու» գործակալության հաղորդմամբ` Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի գործընկերոջ հետ` ցավակցություն հայտնելով «ճակատային գծում» մարտերի ընթացքում զինծառայողների զոհվելու կապակցությամբ: Թայիփ Էրդողանը իր աջակցությունն է հայտնել Իլհամ Ալիևին` ընդգծելով, որ «թուրք ժողովուրդը մշտապես կանգնած է ադրբեջանցի ժողովրդի կողքին»:

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ևս հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի պաշտոնակցի` Էլմար Մամեդյարովի հետ և հայտնել իր ցավակցությունները:

Թուրքիայի ԱԳՆ-ը տարածած հաղորդագրությամբ հայկական կողմին կոչ է արել «պահպանել զինադադարի ռեժիմը և անմիջապես դադարեցնել մարտերը»: Թուրքական արտաքին գերատեսչությունը, հետելով պաշտոնական Բաքվի հռետորաբանությանը, Հայաստանին մեղադրել է «բախումներ հրահրելու» մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG