Մատչելիության հղումներ

Երևանն ու Ստեփանակերտը հայտարարում են՝ «ադրբեջանական կողմի գործողությունները կարող են հանգեցնել անկանխատեսելի հետևանքների»:

Հայկական կողմը հայտարարում է, որ այս գիշեր հակառակորդը նախահարձակ գործողություններ է ձեռնարկել շփման գծի ողջ երկայնքով, որոնք գործադրված տեխնիկայով և մասշտաբով աննախադեպ էին հրադադարի հաստատումից ի վեր: Պատասխան քայլերի արդյունքում, ըստ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի, խոցվել է հակառակորդի երկու ուղղաթիռ, անօդաչու երկու սարք և երեք տանկ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը օրվա առաջին կեսին հերքել էր «Մի-24» ուղղաթիռ կորցնելու մասին տեղեկությունը, սակայն, ժամեր անց հաստատեց՝ հավելելով, թե զոհվել է ադրբեջանցի 12 զինծառայող, պայթել է մեկ տանկ:

Պաշտոնական Բաքուն հաղորդում է նաև հայկական կողմի տված տասնյակ զոհերի մասին: Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, սակայն, քիչ առաջ «Ազատության» հետ զրույցում հերքեց մեծաքանակ զոհերի մասին տեղեկությունները՝ նշելով, որ լրացուցիչ տեղեկություններ կտրամադրեն ավելի ուշ:

Օրվա ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, թե ադրբեջանական զինուժը երկու հայկական բնակավայր է գրավել: Ղարաբաղի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը «Ազատության» հետ զրույցում կտրականապես հերքեց այդ տեղեկությունը՝ նշելով․ «Դա հաստատ սուտ տեղեկություն է»:

Ադրբեջանական զինուժի հրետակոծությունների հետևանքով Ղարաբաղում զոհվել է 12-ամյա մի երեխա, ևս երկուսը վիրավորվել են: Հայ զինծառայողների շրջանում կորուստների մասին հստակ տվյալներ առայժմ չեն հաղորդվում: Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատությանը» փոխանցեց, որ ռազմական գործողությունները դեռ շարունակվում են: «Ծանրության կենտրոնը հատկապես հարավային հատվածում է, հակառակորդը կորցրել է 2 ուղղաթիռ, երկու անօդաչու թռչող սարք, 3 տանկ, այլ զրահատեխնիկա ու զգալի թվով կենդանի ուժ»,- ասաց ՊՆ խոսնակը:

Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարությամբ նախազգուշացրել էր, որ ռազմական գործողությունների շարունակումը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների: Ադրբեջանի գործողությունները դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել նաև Հայաստանի արտգործնախարարությունը՝ ընդգծելով, որ «Բաքուն գնում է իրավիճակի հետևողական լարման ճանապարհով՝ կոպտորեն ոտնահարելով միջազգային հանրության կոչերը»: Հայտարարություն է տարածել նաև ԼՂ արտգործնախարարությունը, մասնավորապես, նշելով՝ «հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է բացառապես ադրբեջանական կողմը»:

Ղարաբաղի Նախագահ Բակո Սահակյանն այսօր Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել: «Ստեփանակերտը կոչ է անում միջազգային հանրությանը ավելի կոշտ դիրքորոշում ցուցաբերել Ադրբեջանի պահվածքի առնչությամբ»,- «Ազատությանը» փոխանցեց Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը: «Մենք հասկանում ենք, որ ոչ հրապարակային ձևով Ադրբեջանին հետևանքների մասին տեղեկացնում են, բայց անհրաժեշտ է նաև հրապարակային ձևով համարժեք պատասխան տալ թշնամուն»,- «Ազատության» հետ զրույցում նաև ասաց Բաբայանը:

Այսօր երեկոյան Երևանում Անվտանգության խորհդի նիստ է հրավիրել Հայաստանի նախագահը: Մինչ այդ՝ առավոտյան կառավարությունում վարչապետ Հովիկ Աբրահամյանը խորհրդակցություն է հրավիրել՝ ընդգծելով, որ Հայաստանի պետական կառույցները պատրաստ են իրավիճակի կայունացմանն ուղղված անհրաժեշտ քայլերի, և հայկական զինուժը լիովին վերահսկում է իրավիճակը:

Պաշտոնական Բաքուն, մինչդեռ, հրադադարը խախտելու մեջ մեղադրում է հայկական կողմին, պնդելով, որ ադրբեջանական դիրքերը և խաղաղ բնակավայրերը գնդակոծվել են խոշոր տրամաչափի զենքերից: Հայկական կողմի հայտարարություններից մի քանի ժամ անց Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքեց հայկական կողմի հաղորդումները խոցված ուղղաթիռի և ոչնչացված զինտեխնիկայի վերաբերյալ:

Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Թերթերի շրջանի Ղարաղաջի գյուղում հայկական կողմի հրետակոծման հետևանքով զոհվել է բնակիչ Ջալալ Ռահիմովը, նրա որդի Օրհան Ռահիմովը ծանր վիրավորվել է՝ զրկվելով ոտքերից։

Ադրբեջանական աղբյուրները փոխանցում են երկրի պաշտպանության նախարարության հայտարությունները, թե պատասխան գործողությւոնների հետևանքով հայկական կողմն ունի մարդուժի և զինտեխնիկայի կորուստներ: Ըստ Ադրբեջանի արտգործնախարարության, «իրավիճակի սրման հիմնական պատճառը բռնազավթված տարածքներում հայկական զինված ուժերի ներկայությունն է»:

XS
SM
MD
LG