Մատչելիության հղումներ

ՀՎԿ-ն, ՍԴՀԿ-ն դատապարտում են Ադրբեջանի գործողությունները


«Հայկական վերածնունդ» կուսակցությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի նախահարձակ գործողությունները։

«Ստեղծված իրավիճակը ևս մեկ անգամ փաստում է, որ ալիևյան ռեժիմի ձեռագիրը չի փոխվում ու նման սադրանքներով փորձ է արվում շեղել Ադրբեջանի բնակչության ուշադրությունը երկրի ներսում ստեղծված խնդիրներից, ինչպես նաև շանտաժի միջոցով փորձել ազդեցություն գործել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վրա», - ասված է հաղորդագրությունում:

Կուսակցությունն իր ցավակցությունն է հայտնում զոհված զինծառայողների և խաղաղ բնակչության շրջանում զոհերի հարազատներին և կոչ անում միջազգային հանրությանն ու կոմպետենտ միջազգային կառույցներին` խստորեն դատապարտել Ադրբեջանի նախահարձակ և հանցավոր գործողությունները, որոնք վտանգի տակ են դնում ողջ տարածաշրջանի՝ առանց այն էլ խոցելի անվտանգությունը:

«Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ ՀՎԿ «Ազատամարտիկների միությունը» պատրաստ է ցանկացած պահի կանգնել հայ զինվորի կողքին` առաջնագծում հայրենիքի սահմանների պաշտպանության և թշնամուն արժանի հակահարված տալու գործում: Ավելին, ՀՎԿ «Ազատամարտիկների միության» մի շարք ներկայացուցիչներ արդեն իսկ պատրաստակամություն են հայտնել այսօր մեկնել Լեռնային Ղարաբաղ», - ասված է հաղորդագրությունում։

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը ևս հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Ադրբեջանի ահաբեկչական գործողությունները պետք է դատապարտվեն միջազգային հանրության՝ հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների կողմից:

«Այն, ինչ անում է Ադրբեջանը, ոչ այլ ինչ է, քան ահաբեկչություն և ապտակ միջազգային հանրությանը: Դրա հետ միասին, մենք վստահ ենք, որ Արցախի զինված ուժերի պատասխան գործողությունների հետևանքները դեռևս երկար են անդրադառնալու թշնամի երկրի բարոյական և քաղաքական իրավիճակի վրա: Մենք գործ ունենք ակնհայտ ագրեսիայի հետ, որին պետք է տրվի և տրվում է անհամաչափ պատասխան», - հայտարարել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը:

ՍԴՀԿ-ն նաև նշում է, որ «Ադրբեջանի լկտի գործողությունները համաձայնեցված են եղել Ալիևի և Թուրքիայի նախագահ Էրդողանի միջև՝ ընդհանրապես տարածարջանում վիճակը լարելու համար: Սա ցույց է տալիս, որ թե՛ Բաքուն և թե՛ Անկարան վտանգ են ներկայացնում միջազգային հանրության և, ընդհանրապես, առաջադեմ մարդկության համար»:

«Հնչակյան կուսակցությունը առաջին իսկ հրամանի դեպքում պատրաստ է հնարավորինս ներդնել Արցախի անվտանգության և պաշտպանության գործին», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG